Արմենակ Շահմուրադյանը (տենոր) հայ դասական վոկալ-կատարողական արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից է, ժողովրդական ու 

հոգևոր երգերի լավագույն կատարողներից:  8 տարեկանից երգել է ծննդավայրի՝ Արևմտյան Հայաստանի Մուշ քաղաքի եկեղեցում և սովորել վարժարանում: Հետագայում ուսումը շարունակել է Մշո Սբ․ Կարապետ վանքի ժառանգավորաց դպրոցում, 1890– 1893 թթ-ին՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում. կոմպոզիտոր Քրիստափոր Կարա-Մուրզայի երգչախմբում եղել է մեներգիչ: Շուրջ 1,5 տարի Շահմուրադյանն աշակերտել է Կոմիտասին: 1897 թ-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, երգել Մակար Եկմալյանի երգչախմբում և եղել նրա օգնականը, ապա նշանակվել է եկեղեցու երգչախմբի ղեկավար:

Արևմտյան Հայաստանում սկսվել էին համիդյան ջարդերը, և սուլթանական վայրագությունների դեմ թիֆլիսահայության մեջ բողոքի ալիք էր բարձրացել, որի եռանդուն մասնակիցներից մեկը դարձավ Արմենակը։  Բանտից բանտ փոխադրվելով նա հասնում է մինչև Կարս։ Այդ օրերին Արմենակն իր  երգով նվաճում է հսկիչների բարյացկամությունը և բախտակիցների սերը։ Նրա երգի մասին տեղեկանում է թուրք հյուպատոսը, որն էլ նրան ազատ աքսոր է ուղարկում դեպի հայրենի Մուշ: Այստեղ երկու տարի Սուրբ Կարապետի Ժառանգավորաց վարժարանում ուսուցչություն անելուց հետո՝ փոխադրվում է Կարին, ուր չորս տարի տեղի երկսեռ վարժարանում դասավանդում է երաժշտություն, հայոց լեզու ու հայ ժողովրդի պատմություն, ղեկավարում իր ստեղծած երգչախումբը։ 

Աշխարհով մեկ թափառելուց հոգնած, արդեն խարխլված առողջությամբ, նյութապես խիստ անապահով Արմենակ Շահմուրադյանը 1930 թ. վերադառում է Եվրոպա, իսկ 1939 թվականին մահանում է Փարիզում այն նույն հոգեբուժարանում, որտեղ պառկել էր իր ուսուցիչ մեծն Կոմիտասը։ 

Leave a Reply