CDU/CSU, SPD եւ կանաչների հայերի ցեղասպանութեան ճանաչման բանաձեւը, որը ներկայացուել էր հինգշաբթի, 02.06.2016-ին Գերմանիայի Բունդեսթագին, անցաւ 1 դէմ եւ 1 ձեռնպահ քուէարկութեամբ, սակայն արտակարգ ոգեւորիչ չէր: Նախագծում (5 էջ, որից 2 էջը հիմնաւորում էր), 4 անգամ նշւում է „ցեղասպանութիւն» եզրոյթը, որը սեփական կարծիք չէ, այլ մէջբերում միւսներից:
Արդէն վերնագիրը «1915 եւ 1916թթ.-ին հայերի եւ միւս քրիստոնեայ փոքրամասնութիւնների նկատմամբ իրագործուած ցեղասպանութեան ոգեկոչումն ու յիշատակը», գտնում ենք մոլորեցնող եւ անիմաստ, քանի որ, այն չի զբաղւում ժողովուրդների իրավունքի դէմ անցեալում կատարուած ոճրագործութեան գնահատմամբ, այլ ներկայիս քաղաքական յիշողութեան յարաբերութեան հետ, այսինքն կարեւորւում է յիշողութիւնը եւ ոգեկոչումը:
Երկրորդ անգամ հանդիպում ենք «ցեղասպանութիւն» հասկացութեանը, խճճուած, ոչ ուղղակի ձեւակերպուած, «հայերի ճակատագիրը վառ օրինակ է, երբ խօսքը գնում է զանգուածային բնաջնջման, էթնիկ մաքրագործման, տեղահանութեան, անգամ ցեղասպանութեան պատմութեան մասին, որոնցով 20-րդ դարը սարսափելի եղամակով նշանաւորուած է»: Քննադատելի է նաեւ,Պոնտոսի, Փոքրասիայի ինչպէս նաեւ Տրակիայի յոյների, նոյնպէս նաեւ Արամէալեզու քրիստոնեաների, Ասորիների եւ Քաղդէացիների մասին ակնարկ չլինելը:
Գերմանիայի Բունդեսթագը ինքն իրեն փառաբանում է, թէ, 24 Ապրիլ 2015-ին բոլոր խմբաւորումների խօսնակները դատապարտել են հայերի ցեղասպանութեան ոճրագործութիւնը: Ուրեմն հարց է ծագում՝ ինչու՞ նոյն բունդեսթագը հէնց 2015-ին չքուարկեց բանաձեւը: Դեռ քաղաքական յոյսեր էր կապու՞մ Էրդողանի հետ:
Ամենատարակուսելին գտնում ենք հիմնաւորման բաժնում: Ինչպէս վերը յիշեցինք Բունդեսթագը թաքնւում է մասնագէտների կարծիքի յետեւում «Բազմաթիւ անկախ պատմաբաններ, ազգային ժողովներ եւ միջազգային կազմակերպութիւններ, որակում են հայերի տեղահանումները եւ բնաջնջումը որպէս ցեղասպանութիւն»: Բայց ի՞նչ է Բունդեսթագի սեփական կարծիքը, այս մասին ոչ մի ակնարկ:
Նախընտրելի չէր արդեօք, ինչպէս պարզ ձեւակերպել են իրենց բաց նամակում, 2016-ի Մայիս 30-ին, Հելմութ Դոնաթը, Ստեֆան Ռայշէն եւ Փրոֆ. Դոկտ. Վոլֆգանգ Շլոթը, «Գերմանիայի բունդեսթագը դատապարտում է Հայերի, Յոյն ուղղափառների եւ Արամէալեզու քրիստոնեաների հալածանքները զանգուածային բռնատեղահանումները եւ համակրգուած ցեղասպանութիւնը Օսմանեան պետութիւնում»:
Վերջապէս Գերմանիան հաւակնում է միջնորդ հանդիսանալ հայ-թրքական հաշտեցումն իրականացնելու, գուցէ իրեն թւում է, թէ երկու ժողովուրդները իրար հետ միայն խռովել են: Բուն խնդիրն այստեղ ցեղասպանութեան ոճրագործութիւնն է եւ ոչ թէ մի միջպետական վէճ, եւ շարունակ շեշտւում է տխրահռչակ երկու արձանագրութիւնների մէջ տեղ գտած պատմաբանների յանձնախումբը: Եթէ Բունդեսթագը արդէն ճանաչել է հայոց ցեղասպանութիւնը, ապա ի՞նչ է պատմաբանների յանձնախմբի անելիքը:
Մենք հայերս, ինչպէ՞ս ենք կարող մի պետութեան հետ «հաշտուել», որի ղեկավար Էրդողանը իր Նէոօսմանիզմով 101 տարի յետոյ էլ պատրաստ չէ պանթուրքական ծրագրից հրաժարւել, ներողութիւն խնդրել, հատուցել եւ անօրէն հայոց բռնագրաւեալ տարածքները, ինչպիսին են սուրբ Արարատը, Անիի աւերակները, Կարսը, Վանը… վերադարձնել: Ու՞մ հետ կարելի է ընդհանրապէս կեանքում հաշտուել՝ նրա հետ, ով ներողութիւն է խնդրել: Այսուամենայնիւ ամենամեծ հիասթափութիւնը Մերքելի բացակայութիւնն էր քւէարկութեան օրը ինչպէս փոխքանցլեր Զիգմառ Գաբռիելի, (SPD կուսակցութեան նախագահը) եւ արտգործ նախարար Շթայնմայերի, ով ի սկզբանէ դէմ էր հայոց ցեղասպանութեան ճանաչմանը: Պատգամաւորների այս տարուայ ելոյթը որակապէս զիջում էր 2015-ին: Թէտպէտեւ բանաձեւը չունի իրաւական ուժ, սակայն ունի խորհրդանշական եւ քարոզչական մեծ արժէք եւ աւելի մէկուսացնելու է Էրդողանի ղեկաւարած Թուրքիային:
Այսօրուայ Թուրքիան քշում, կոտորում է ցեղասպանութիւնից վերապրած երրորդ սերնդին՝Սուրիայում, Իրաքում (Հալէպ, Քեսաբ), աւերում հայոց եկեղեցիները (նահատակաց եկեղեցին Տէր-Զորում), իր դաշնակից Իսլամական Պետութեան օժանդակութեամբ, հովանաւորում է Բաքուի Ռեժիմին ռազմական, քաղաքական ոլորտում:
Ադրբէյջանական քառօրեայ յարձակումը Լեռնային Արցախի Հանրապետութեան վրայ եւ Արցախի քաղաքացիների բարբարոսական կոտորածները, յատկապէս Թալիշում, ապացուցում են ցեղասպանութեան շարունակութիւնը:
Այսու կոչ եմ ուղղում, յատկապէս իմ հայ հայրենակիցներին Գերմանայում, կազմելով մի յանձնախումբ, օժանդակել քաջարի Արցախցիներին, քանի դեռ ուշ չէ:
Ժիրայր Քոչարեան
03.06.2016, Բեռլին