Լուսանկարից անհոգ ու անմեղ աչքերով նայող երեխաները Մուշի որբանոցի հայ սանուհիներն են իրենց ուսուցչուհու Մարգարիտի հետ: Լուսանկարն արուել է «Կանանց առաքելութեան աշխատողներ» սկանտինաւեան կազմակերպութեան անդամ, նորվեկիացի միսիոնարուհի Պոտիլ Կատարինէ Պիոռնի կողմից: Մինչեւ 1915 թուականի ողբերգական իրադարձութիւնները Պոտիլ Պիոռնն աշխատել է Մուշի եւ Մեզրէի որբանոցներում:
1915 թ. ամրանը` Մուշի հայ բնակչութեան կոտորածների ժամանակ, քաղաքը հրկիզուեց թուրքական բանակի կողմից. հազարաւոր հայեր ողջակիզուեցին իրենց տներում: Ուսուցչուհի Մարգարիտը եւ իր աշակերտները, համաձայն լուսանկարի դարձերեսին Պոտիլ Պիոռնի թողած գրութեան, նոյնպէս ողջակիզուել են: Թուրքական ոճրագործութիւնների ականատես քոյր Պոտիլը հոգեկան խոր ապրումներ է ունենում` մէկ օրում կորցնելով որբանոցի իր սաներին, որոնց իր մայրական ջերմ սէրն ու գուրգուրանքն էր տուել տարիներ շարունակ: Անօգնական երեխաների ճիչերն ու օգնութեան կանչերը դաջուեցին Պոտիլ Պիոռնի յիշողութեան մէջ:
1916 թուականին, կրկին վերադառնալով Մուշ, Պոտիլն իր հայազգի օգնական Կարապետ Եղիազարեանի հետ քաղաքի փողոցներից եւ լքուած տներից հաւաքում է 34 որբ տղաների ու աղջիկների, կերակրում եւ ապաստան է տալիս նրանց` փրկելով վերահաս մահից, ինչը դժբախտաբար նա չկարողացաւ անել իր որբանոցի սաների պարագայում:
«Իմ որբերին կորցնելուց յետոյ ես հոգեպէս շատ տանջուեցի, սակայն ծանր յուսահատութիւնն ինձ չընկճեց, որպէսզի անմիջապէս հեռանայի, վերադառնայի իմ հայրենիք: Հինգ ամիս մնացի Խարբերդում: Անհամբեր սպասում էի մի առիթի, որ նորից կարողանայի Մուշ վերադառնալ եւ հետաքրքրուել` գուցէ իմ որբերից մի քանիսին կենդանի գտնէի, սիրտս հանգստանար»: (Մուշ, 1916 թ.)
ՊՈՏԻԼ ՊԻՈՌՆ
Նորվեկիացի միսիոնարուհի
Հայոց ցեղասպանութեան ականատես
Լուսանկարի աղբիւրը`
Նորվեկիայի թագաւորական արխիւի հաւաքածու
«100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՆԵՐ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ» գրքից