Վանի ինքնապաշտպանութիւնը հայ ժողովուրդի ազգային-ազատագրական պայքարի փառաւոր էջերէն է: Անիկա կարելիութիւն տուաւ տասնեակ հազարաւոր հայերու փրկուելու անխուսափելի բնաջնջումէն՝ բացառիկ օրինակ ծառայելով այլ շրջաններու հայութեան համար: Այս գաղափարը արտայայտած է Գիտութիւններու ազգային ակադեմիոյ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի գիտաշխատող Սեդա Պարսամեան, որ Վանի ինքնապաշտպանական մարտերու 100ամեակին առիթով ներկայացուցած է հերոսամարտի պատմութիւնը:
«1915թ. սկզբին Արեւմտեան Հայաստանի վիլայեթներում բռնկուած կոտորածների ալիքը հասնում է Վանի նահանգ: Կովկասեան ճակատում պարտութիւն կրած թուրքական զօրքերը (թուով շուրջ 12,000), նրանց միացած քրդական անկանոն ջոկատներն ու չերքեզական հեծելազօրը Վանի նորանշանակ կուսակալ æեւդեթ բէյի հրամանատարութեամբ սկսում են նահանգի հայ բնակչութեան կոտորածները, թալանն ու աւերածութիւնները: Մի շարք գաւառներում (Շատախ, Հայոց ձոր, Արճէշ, Թիմար, Ալջավազ եւ այլն) հայերը դիմում են ինքնապաշտպանութեան՝ յամառ մարտեր մղելով թշնամու դէմ:
Երկարատեւ ու յամառ դիմադրութիւն է ծաւալւում նահանգի կենտրոն Վան քաղաքում, որտեղ բնակուող շուրջ 23 հազար հայերին միանում են նաեւ շրջակայ գիւղերից փախած հազարաւոր հայեր: Տեղի հայկական կուսակցութիւնները՝ Արամ Մանուկեանի գլխաւորութեամբ, սթափ գնահատելով իրավիճակը եւ խուսափելով վերահաս բնաջնջումից, ժողով են գումարում՝ որոշելով դիմել ինքնապաշտպանութեան: Կազմւում է ինքնապաշտպանական մարմին (անդամներ՝ Արամ Մանուկեան, Արմենակ Եկարեան, Գաբրիէլ Սեմիրջեան, Կայծակ Առաքել, Բուլղարացի Գրիգոր (Կեօզեան), Հրանդ Գալկեան, Փանոս Թերլեմեզեան):
Հիմնական մարտերը ծաւալւում են քաղաքի երկու հայաբնակ հատուածներում՝ Այգեստանում եւ Քաղաքամէջում: Ապրիլի 7ին թուրքերի ձեռնարկած առաջին գրոհը յաջողութեամբ յետ է մղւում. հայերը հրդեհում են Վանում թուրքական զօրքի կարեւոր ամրութիւններն ու կենտրոնները: Հաշուի առնելով թուրքերի թուական գերակշռութիւնը՝ Այգեստանի զինուորական խորհուրդն ընտրում է պաշտպանական մարտավարութիւն: Ապրիլի վերջին թուրքերն անցնում են լայն յարձակման: Ռմբակոծւում են Այգեստանի ռազմական դիրքերը, դպրոցներն ու եկեղեցիները: Մէկ օրուայ ընթացքում թուրքերն օգտագործում են 400 ռումբ: Վանի տարբեր հատուածներում փոփոխակի յաջողութիւններով կատաղի մարտեր են ընթանում, որոնց ակտիւ մասնակցութիւն են ունենում բազմաթիւ հայ պատանիներ, կանայք ու աղջիկներ:
Ապրիլի վերջին նկատւում է ռազմամթերքի ու սննդի խիստ պակաս: Քաղաքի պաշտպանները մի քանի անգամ սուրհանդակներ են ուղարկում ռուսական բանակ՝ օգնութեան խնդրանքով: Թուրքական անընդմէջ յարձակումները զուգորդւում են քաղաքի շրջակայ գիւղերի հայութեան զանգուածային կոտորածներով, որոնց զոհ է դառնում շուրջ 24,000 մարդ, թալանւում եւ հրդեհւում է աւելի քան 100 հայկական գիւղ:
Վանի ինքնապաշտպանութիւնն ունենում է յաղթական աւարտ: Մայիսի 5ին քաղաք է մտնում հայ կամաւորական հեծելազօրը՝ Խեչոյի (Խաչատուր Ամիրեան) եւ Դրոյի (Դրաստամատ Կանայեան) գլխաւորութեամբ: Մայիսի 6ին Վան է մտնում նաեւ ռուսական զօրաջոկատը: Քաղաք հասած ռազմական օգնութեան շնորհիւ թուրքական զօրքը փախուստի է դիմում: Վանն ազատագրւում է: Արամ Մանուկեանը նշանակւում է Վանի նահանգապետ:
Շուրջ մէկ ամիս տեւած դիմադրութեան ընթացքում թուրքական կորուստները կազմում են մօտ 1000 զինուոր եւ սպայ, հայերը տալիս են մօտ 350 զոհ», իր խօսքին մէջ յայտնած է Սեդա Պարսամեան:

 

Link →