Հայկական Հարցի վերջնական կարգաւորման համար զուգահեռ ընթացող երկու խնդիրների կարգաւորում է ենթադրւում: Դրանք են՝

ա/ Հայերի ցեղասպանութեան դատապարտման եւ բ/ Հայերի ցեղասպանութեան հետեւանքների վերացման, այսինքն՝ հատուցման խնդիրները:

 

Նկատենք սակայն, որ իրականում երկու խնդիրներն էլ կարգաւորում ստացել են. Հայերի ցեղասպանութիւնը դատապարտուել է, Հայերի ցեղասպանութեան վնասների հատուցման հետ կապուած նյութական ու տարածքային որոշումները կայացուել են:

 

Կայացուել են, սակայն չեն իրականացուել:

 

Հայերի ցեղասպանութիւնը դատապարտուել է երկու անգամ: Առաջինը 1915 թ. մայիսի 24-ին, երբ Եռյակ դաշինքի պետութիւնները՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը միացեալ հայտարությամբ դատապարտեցին «Թուրքիոյ նոր ոճիրները մարդկայնութեան եւ քաղաքակրթութեան դեմ» եւ նշեցին, որ դրանք հետեւանքներ են ունենալու (1): Այդպէս էլ եղաւ: Կոնստանդնուպոլսի Ռազմական հատուկ ատեանը 1919 թ. դատավարութիւն իրականացրեց Երիտթուրք պարագլուխների նկատմամբ հետեւեալ մեղադրանքներով՝ Օսմանեան կայսրութիւնը պատերազմի մէջ ներքաշելու եւ կայսրութեան հայազգի քաղաքացիների կոտորածներն ու բռնագաղթը կազմակերպելու համար: Ռազմական հատուկ ատեանը կայացրեց համապատասխան վճիռներ, այդ թւում, ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչներին հեռագա կարգով մահուան դատապարտելով (2):

 

Հայերի ցեղասպանութեան հետեւանքների վերացման վերաբերեալ որոշումները նույնպէս կայացուել են: Նյութական վնասի հատուցման հաշուարկը Հատուկ հանձնաժողովի կողմից կատարուել եւ ներկայացուել է 1919 թ., իսկ տարածքային հատուցման խնդրով ստորագրուել է Սեւրի դաշնագիրը ու վաւերացուել Իրաւարար վճիռ՝ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից:

 

Ճշմարիտ է, որ վերոնշեալ որոշումները վերաբերում են 1915-18 թթ. իրականացուած հանցագործութիւններին, որտեղից դուրս են մնացել 1894-96, 1909, 1918-23 թթ. հայերի հանդեպ թուրքական իրարհաջորդ կառավարութիւնների իրականացրած հանցագործութիւնները ու հայութեանը հասցուած այլ վնասները եւ, մյուս կողմից, վիլսոնեան Իրաւարար վճիռը ներառում է Արեւմտեան Հայաստանի չորս վիլայեթները միայն: Բայց, այնուհանդերձ, ստացւում է, որ անցած ճանապարհը կրկին փորձում ենք անցնել, երբ օրակարգում դնում ենք Հայերի ցեղասպանութեան դատապարտման հարցը, անմիջապէս դրան կապելով՝ ցեղասպանութեան հետեւանքների վերացման հարցերը: Աւելին, ինչպէս դատապարտման, այնպէս էլ հատուցման հարցերը, որոնք արդեն կայացուել են, դնում ենք հարցականի տակ, նւազագույնը՝ դրանք դարձնում ենք բանակցութիւնների առարկա: Այն դեպքում, երբ նմանատիպ հարցերում հրեաներին բաւարար եղան Ռազմական հատուկ ատեանի վճիռները եւ հատուցման հարցերով կայացուած որոշումները: Տարբերութիւնը երկու հարցերում հետեւեալն է: Առաջին, որ հրեաների հարցով կայացուած որոշումները իրականացուեցին, իսկ հայերի դեպքում՝ ոչ, եւ երկրորդ, որ հայերն արդեն անցած ճանապարհը նորից են ցանկանում անցնել, այն դեպքում, երբ պետք է արդեն իսկ կայացուած որոշումները կեանքի կոչելու եւ իրականացնելու հարցերով զբաղուել, այդ թւում՝ Հայաստանի անկախութեան եւ ինքնիշխանութեան վերականգնման:

 

Հայկական Հարցի լուծումը հայերի իրաւունքների պաշտպանութեան, դրանց վերահաստատման ու իրականացման հարցերի հետ է կապուած, որն այս պահին անցնում է նաեւ Մերձաւոր Արեւելեան բուռն իրադարձութիւնների միջով (3), որտեղ հայ համայնքները կրկին հայտնուել են նոր ցեղասպանութեան ու նոր բռնագաղթի ենթարկուելու վտանգների ու սպառնալիքների տակ (4):

 

Համահայկական ջանքերով այդ սպառնալիքների չեզոքացումը՝ զինեալ չեզոքութեան արդեն իսկ կայացուած որոշման իրականացման միջոցով (5,6,7), ուղիղ ճանապարհներից մէկն է հայութեան իրաւունքների պաշտպանութեան եւ Հայկական Հարցի կարգաւորման:

 

Տիգրան Փաշաբեզեան

Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութեան վարչապետ

 

28.02.2015 թ.

 

———————-

Ծանոթագրութիւն

  1. Տես, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի միացեալ հայտարութիւնը, որով նշեալ պետութիւնների կառավարութիւնները դատապարտում են «Թուրքիոյ նոր ոճիրները մարդկայնութեան եւ քաղաքակրթութեան դեմ», 24-ը մայիսի 1915 թ.:
  2. Տես, «Հայերի ցեղասպանութիւնը ըստ երիտթուրքերի դատավարութեան փաստաթղթերի», Առաջաբանը, թարգմանութիւնը եւ ծանոթագրութիւնները Ա. Հ. Փափազեանի, Երեւան, ՀՍՍՀ ԳԱ հրտ., 1989:
  3. Տես, Հայութիւնը նահանջելու այլ տեղ չունի այլեւս, բացի իր Հայրենիքից-09.02.2012:
  4. Տես, Քեսաբի բնակիչների ուղերձը համայն հայութեանը, News.am, Մարտ 30, 2014 | 19:41:
  5. Տես, Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի որոշումը զինեալ չեզոքութեան մասին-29.03.2011:
  6. Տես, Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի հրամանագիրը հայերի ինքնապաշտպանութեան ուժեր ստեղծելու մասին-26.12.2012:
  7. Տես, Հայութեան պաշտպանութեան ուժեր կազմաւորելու հարցի վերաբերեալ-28.03.2014:
  8. Տես, Արեւմտեան Հայատանի Ազգային Խորհրդի Յայտարարութիւնը՝ Սուրիոյ հիւսիսային շրջաններում ասորական բնակավայրերի վրա կատարուած յարձակման կապակցութեամբ-26.02.2015:

 

http://www.western-armenia.eu/stat.gov.wa/index.htm

Comments are closed.