ՍԵԲԱՍՏԵԱՅԻ ՆԱՀԱՆԳ, Սեբաստիայի վիլայեթ, Ռումի Էալեթ, Սեբաստիայի կուսակալութիւն. վարչատարածքային միաւոր Արեւմտեան Հայաստանի մէջ` պատմական Փոքր Հայքի տարածքին, հիմնականը Գայլ, Իրիս եւ Հալիս գետերու աւազանին: Վարչական կենտրոնը` Սեբաստիայ:

Սեբաստիայի նահանգի ռելիեֆը լեռնային է: Արեւմուտքէն արեւելք կը ձգուի երեք լեռնաշղթներ` Ջանիկի`(հիւսիսին), Հիւսիսային Տավրոսի եւ Ներքին Տավրոսի, տարածքով կը հոսին Հալիս, Իրիս եւ Գայլ մեծ գետերը: Լիճերը սակաւ են: Սեբաստիայի նահանգի հիւսիսային մասն անտառապատ է:  Կը հանդիպին փշատերեւ ծառերու գրեթէ բոլոր տեսակները: 

Նահանգի կլիման  բազմազան է. հիւսիսին եւ արեւելքին, որտեղ լեռներու բարձրութիւնը կը հասնի 1500 մ եւ աւելի, ձմեռը երկար է, խստաշունչ:  Սեբաստիայի նահանգի տարածքը հարուստ է հանածոներով (պղինձ, քարածուխ, մարմար եւ այլն): Կան հանքային զանազան աղբիւրներ (ջերմուկներ):

Սեբաստիայի տարածքը հնագոյն ժամանակներէն եղած է հայկական ցեղերու բնօրրան: