Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին այցելել է Հայերի ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի ուղեկցությամբ:

Այս մասին տեղեկացնում է «Հայերի ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ի պաշտոնական կայքը:

Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայերի ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

Ռուսաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայերի ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այցի ավարտին պարոն Կուդրինը Հիշողության պուրակում տնկել է արծաթափայլ եղևնի: