Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի առաջին մելիքական ապարանքը 18-րդ դարի կառույց է։

Շուշիում պահպանվել են մի քանի մելիքական ապարանքներ, որոնք գտնվում են քաղաքի հարավարևելյան մասում։ Սակայն գրավոր վկայություններ այս շինությունների մասին հայտնի չեն։ Դրանցից մեկը Շուշիի առաջին մելիքական ապարանքն է։ Այն տեղակայված է քաղաքի հարավարևելյան մասում, ձորի վերին քարափի գրեթե եզրին։ Քառաբուրգ, պարսպափակ ապարանքի շեշտված ամրոցակերպությունը հուշում է, որ այն կառուցվել ու գործել է որպես ինքնուրույն պաշտպանական կառույց։

18-րդ դարի վավերագրերի հիման վրա ապացուցված է, որ Շուշին որպես բերդ հիմնադրվել է Արցախի խանության կենտրոն դառնալուց շատ ավելի շուտ։ 

Նշենք, որ մելիքական ապարանքների ճարտարապետական հորինվածքներում միահյուսված են հայ հնագույն և Արցախ-Խաչենի իշխանական պալատաշինության, ամրոցաշինության ճարտարապետության դարավոր ավանդույթները։ Մելիքական ապարանքները միաժամանակ ունեն խիստ յուրահատուկ ճարտարապետական նկարագիր, զուսպ և ազդու հարդարանք։