Լեւոն Սարգսյանը սկզբից սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, ապա ավարտել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ու ծառայության անցել Ջրականի զորամասում։ 2010 թ․ հոկտեմբերին Մարիամի հետ ամուսնանալուց հետո կինն էլ էր տեղափոխվել Ջրական։ Սկզբից դժվար, հետո արդեն նոր տեղին հարմարվելու փուլ եկավ։ Սպաների շենքում էին ապրում։ «Կյանքը շատ դժվար էր, բայց երջանիկ էինք»,- ասում է Մարիամը։ Առաջնեկը՝ Նարինեն, արդեն 4 տարեկան էր, երբ մայոր Սարգսյանն ընտանիքով տեղափոխվեց Երեւան։ Այստեղ ծառայության էր անցել Նուբարաշենի զորամասում, ապա խաղաղապահ զորքեր էր մտել։ Աֆղանստանում խաղաղապահ առաքելությունը, որտեղ պիտի մնային 7 ամիս, Լեւոնի սրտով չէր, բայց մտածում էր՝ այդպես կարող է բնակարան գնել հիփոթեքով։ Մինչեւ հիմա մայորի ընտանիքն իր սեփական բնակարանը չունի։ 2020 թ․ սեպտեմբերի 21-ին Լեւոնը վերադարձել էր Աֆղանստանից։ Մարիամն անկնկալ էր արել ամուսնուն՝ 4-ամյա որդուն՝ Գարիկին, հոր հետ օդանավակայան ուղարկելով։ Որդուն տեսնելով՝ Լեւոնն սկսել էր համբուրել նրա ձեռքերը։ Այդ օրը «Զինուժը» լուսանկարել էր նրանց։
Սեպտեմբերի 26-ին Նուբարաշենի զորամասի կոլեկտիվի հետ Լեւոնը խնջույքի էր։ Առհասարակ նրան բոլորը սպասում էին, եւ Աֆղանստանից գալուց հետո անընդհատ հրավերներ էին ուղարկում՝ հավաքվելու, քեֆ անելու։ Այդ օրը Լեւոնը ընտանիքին տարել էր Արտաշատ՝ Մարիամի հայրական տուն, ասել, որ հետ կգա, նրանց կվերցնի, ու միասին կվերադառնան Երեւան։
Ամսի 27-ի առավոտյան, երբ դեռ Արտաշատում էին, Լեւոնին զանգահարել էին զորամասից։ «Ասեց՝ դու մնա, ես հեսա հասնում եմ չաստ, ատբոյ են անում, կգամ, քեզ կտանեմ։ Ինքը չէր սիրում, որ մերոնց տանն եմ մնում, բայց էդ օրն ասեց՝ մնա»,- հիշում է 33-ամյա կինը։ Մայոր Սարգսյանին Քարվաճառ էին տարել։ Նույն օրը՝ երեկոյան 20։20-ին, հարազատները վերջին անգամ էին խոսել նրա հետ։
Սեպտեմբերի 28-ին Քարվաճառում արկի պայթյունից բեկորները Լեւոնի ոտքի մեջ էին մտել, արնհոսությունը դադարեցնելու համար զինվորական վերարկուի թելով կապել էր։ Մարիամն ասում է՝ ձեռքի տակ լարան՝ ժգուտ, չի եղել։ Կնոջը պատմել են, որ այդ վիճակով Լեւոնը շարունակել է մարտին մասնակցել, բայց հետո ներքին արյունահոսություն է սկսվել։ Դաշտային հոսպիտալ հասցնելու ճանապարհին Լեւոնն արդեն կենդանի չի եղել։ «Իրեն որ բերեցին, ընենց էի վազում, մտածում էի, որ իրեն գրկեի, վեր ա կենալու»,- ասում է Մարիամը։