2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին Դեմիրճյանների ընտանիքը պատրաստվում էր նշել 10 երեխաներից կրտսերի՝ Ադրիաննայի միամյակը։ Բայց լուսաբացին պայթյունների ձայներ լսվեցին․ պատերազմ էր սկսվել։
Այդ օրը երեխաներից ավագներն օգնում էին Լիսագորում անասնապահությամբ զբաղվող իրենց հորը՝ 40-ամյա Սերյոժա Դեմիրճյանին։ Մյուսներն Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում էին՝ իրենց մոր հետ:
Դեմիրճյանների ավագ դուստրը՝ 21-ամյա Սվետլանան ասում է, որ սկզբում կարծել են՝ պատերազմը շուտ կավարտվի, բայց, տեսնելով իրավիճակը, նոյեմբերի 5-ին եկել են Երևան, իսկ հայրը երեխաներից 5-ի հետ մնացել է Արցախում․ որպես բազմազավակ հայր նրան չէին զորակոչել: Նա իր մեքենայով սնունդ էր մատակարարում զինծառայողներին՝ փորձելով ինչ-որ կերպ օգնել։ Երբ Սերյոժան հասկացել է, որ իրավիճակը չի կայունանում, որոշել է երեխաներին հանել Լիսագորից։ Նրա հետ են եղել նաև Սերյոժայի կնոջ՝ Գայանեի երկու եղբայրները՝ Արտուշ և Սասուն Թորոյանները։
«Նոյեմբերի 3-ն էր, զանգեցի պապային ու քեռիին, անհասանելի էին, հետո զանգեցի մամային, ասեց՝ գնացել են էրեխեքին հանեն, ինչ-որ մեկը զանգել էր պապային ասել, որ արդեն էնտեղ վիճակը լավ չի, գնացել էին, որ հանեն, ճանապարհին էդ դեպքը պատահել է։ Միայն փոքր քեռիս՝ Սասունն էր հասանելի, զանգ գնում էր, բայց դե վերցնող չկար։ Նոյեմբերի 7-ին եղբայրս զանգեց, հարցրի՝ պապան եկե՞լ ա, ասեց՝ խի՞, ինչի՞ պիտի գար, ասեցի՝ պիտի գար, ձեզ էդտեղից հաներ, ասեց, որ չի եկել»,- նշում է Սվետլանան։
Դստեր խոսքով՝ կարծում էին, թե գերի են ընկել. «Նորություն չկար, ում զանգում էինք՝ չգիտեին, թե ուր են, ոչ դիակները կային, ոչ էլ․․․ Նոյեմբերի 15-ին Երևանից վերադարձել ենք Արցախ, նոյեմբերի 17-ին զանգեցի քեռուս, ասեց՝ գտել են իրենց, արդեն իմացա»։Հետագայում պարզվել է, որ Լիսագոր տանող ճանապարհին Սերյոժայի վարած «ՈՒԱԶ» մեքենան ադրբեջանցիները խոցել են, Սերյոժան, Արթուրն ու Սասունը զոհվել են։
Այժմ Դեմիրճյանների ընտանիքն ապրում է Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի իրենց տանը։ 10 երեխաներից 8-ն անչափահաս են։ Սվետլանան ասում է, որ ամենախիստը հայրն իր հանդեպ էր։
«Մեծ երեխաների համար առանց հայր դժվար է, մենք արդեն հասկանում ենք, բայց փոքրերը՝ չէ։ Անընդհատ պապայի անունը տալիս են, խոսում են, փոքրն էլ պապայի նկարը տեսնում ա, պաչում ա, բայց չի հասկանում։ Իրանք հիմա չեն պատկերացնում, հետո որ մեծանան, շատ դժվար ա լինելու իրանց համար։ Մտածում եմ, ասում եմ՝ տենաս պապան ի՞նչ կասեր, նույնիսկ իր թոռանը չհասցրեց տեսնել, ինչ ձևի դեդո կլիներ․․․Դժվար է միանգամից 3 հոգու կորցնել․ անընդհատ ձայնը ականջներումս ա, թե ոնց էին ծիծաղում, ոնց էին խոսում»,- պատմում է Սվետլանան։
Սերյոժա Դեմիրճյանի մահվան վկայականում զոհվելու օրը նոյեմբերի 9-ն է, փրկարարական ջոկատները դին գտել են նոյեմբերի 12-ին Շուշի-Լիսագոր ճանապարհին։
Սերյոժային հուղարկավորել են Նոյեմբերյանի շրջանի Դեբեդավան գյուղում։