
2022 թվականի սեպտեմբերին Բաքվի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Միքայել Գարիկի Պողոսյանը Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքից էր, ընտանիքի միակ որդին։ Միքայելը ծնվել է Նոր Գեղիում, հաճախել գյուղի դպրոց, 9-րդ դասարան ավարտելուց հետո ընդունվել էր Նոր Գեղիի Գ․ Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ, իրեն տարկետում էր հասնում, բայց հրաժարվեց ու մեկնեց ծառայության։Միքայելը ծառայության էր մեկնել 2022 թվականի հունվարին։
Սկզբում ծառայել է Գորիսում, կարճ ժամանակ անց տեղափոխվել Խնձորեսկ, ապա՝ Իշխանասար։ Զոհված զինծառայողի հորեղբոր կնոջ խոսքով՝ երկար ժամանակ փնտրել են Միքայելին։ Մի քանի օր զորամասից հարազատներին փոխանցում էին, թե Միքայելը ողջ է, պարզապես նրա հետ կապ չեն կարողանում հաստատել։ Դեպքից միայն 10 օր հետո է պարզվել, որ Միքայելը զոհվել է։ Միքայելը թշնամու հարձակումից 1 ժամ առաջ խոսել էր ծնողների հետ, տրամադրությունը լավ է եղել, որևէ կասկածելի բան ծնողները նրա խոսքում չեն նկատել։ Հարազատներն ավելի ուշ պարզել են, որ Միքայելը չի նահանջել, մինչև վերջ մնացել և կռվել է թշնամու մեծաքանակ զորքի, ինչպես նաև կիրառվող զինտեխնիկայի դեմ։ 19-ամյա Միքայել Պողոսյանը հուղարկավորվել է Նոր Գեղիի զինվորական պանթեոնում։