Հայ ժողովրդական միջնադարյան «Կռունկ» տաղն է՝ Հասմիկ Պապյանի կատարմամբ: Դաշնամուրով նվագակցում է Վարդան Մամիկոնյանը: Մշակումը՝ Կոմիտասի:

«Կռունկ»-ը ուշ միջնադարում անհայտ հեղինակի ստեղծած երգ է, որը ժողովրդականացել է, դարձել հայրենիքի կարոտի և հայրենասիրության խորհրդանիշ: Այս երգի բանաստեղծական բարձր արվեստով հորինված խոսքերը պահպանվել են 17-րդ դարի ձեռագիր տաղարաններում: Սա հայ միջնադարյան աշխարհիկ տաղերի ժանրի օրինակ է և բազմաթիվ տարբերակներով գրառվել է ժողովրդական կատարումներից:
Այս երգը տարածված է եղել պատմական Հայաստանի շատ վայրերում, և ամեն տարածաշրջանում, պահպանելով երգի հիմնական կառուցվածքը, ժողովուրդը երգել է մի քանի տարբերակով: Դրանում դեր է խաղացել տարբեր գավառների երաժշտական ավանդությունների ու աշխարհընկալման բազմազանությունը:
Երգի տարբերակներից ամենատարածվածն ու գեղարվեստականը Կոմիտասի մշակումն է: Կոմիտասյան «Կռունկ»-ն իրավացիորեն կարելի է համարել հայ երգի կատարողական վարպետության չափանիշ:
Սա պանդուխտի երգ է: Երկար տարիներ հայրենիքից հեռու գտնվող հայ պանդուխտը դիմում է կռունկին, հարցնելով, թե որտեղից է գալիս, արդյոք իր հայրենիքից մի լուր չունի՞: «Մի վազիր, – խնդրում է, – շուտով կհասնես քո երամին, իմ հայրենի աշխարհից մեկ լուր տուր»: Հաջորդ քառատողում նույն թախծոտ, կարոտալի մեղեդով պատմում է, որ թողել է իր տուն ու տեղը, այգին և կարոտից հաճախ հառաչում է, որից քաղվում է, պոկվում է հոգին:
Քառատողերից մեկում էլ երգում է, որ սիրտը կամեցավ օտարություն գնալ, որտեղ ծանոթացավ տեղի խորթ վարք ու բարքին և անգամ աղուհացկեր մարդկանց կարոտ մնաց: Եվ ապա դարձյալ, ինչպես ամեն քառատողի վերջում, այստեղ էլ նորից հարցնում է երկրե-երկիր թռչող կռունկին, թե մի փոքրիկ լուր է՞լ չունի իր հայրենիքից:
Իսկ վերջին քառատողում հայ պանդուխտը թախիծով դիմում է կռունկին, որ այդպես էլ իրեն պատասխան չտվեց, և դառնացած սրտով ասում է. «Գնա՛, հեռացի՛ր մեր աշխարհից»: Այսինքն եթե կռունկը մեկ լուր էլ չի տալու իր հայրենիքից, որի կարոտից ինքը տառապում է, էլ ինչո՞ւ է գնում այնտեղ, էլ ո՞ւմ է պետք նրա՝ Հայաստան թռչելը: