«Բագարանի Շուշանավանքը» գիրքը նուիրուած է հայկական վաղ միջնադարեան ճարտարապետութեան իւրօրինակ յուշարձաններէն մէկի՝ Բագարանի Սբ. Շուշան վեցխորան եկեղեցիի եւ Շուշանավանքի վանական համալիրի պատմաճարտարապետական եւ աղբիւրագիտական քննութեանը:

«Արմենփրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը գիտական աշխատութիւն է, որը տպագրուեր է Երեւանի մէջ «Դոմ Մոսկուի» մոսկովեան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնութեամբ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ:

Հայերէն,  ռուսերէն եւ անգլերէն աշխատութիւնը գրուած է վեց ամսուայ ընթացքին: Հեղինակներն են Գրիգոր Նալպանտեանը, Արսեն Հարութունեանը, Աշոտ Հակոբեանը:

Վանքը տեղակայուած է Ախուրեան գետի ձախ ափին՝ քարքարոտ բլուրի գագաթին, որտեղէն գեղեցիկ տեսարան կը բացուի դէպի պատմական Բագարան: Շուշանավանքն այսօր յայտնուեր է երկու պետութիւններու՝ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանագիծին: Այն պարբերաբար վնասուած է ոչ միայն բնական աղետներէն, այլեւ մարդկային գործելակերպէն: Տեղաբնակներու վկայութեամբ՝ վանքը բազմիցս գնդակոծուեր է Թուրքիայի կողմէ: