Թաթուլ Ժորժիկի Կրպեյան, ծնած է 1965 թուականի Ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գիւղին մէջ։

1972-1982 թթ. Հաճախած է հայրենի գիւղի միջնակարգ դպրոցը։ Դպրոցն աւարտելէ ետք ծառայեր է խորհրդային բանակ։ 1985-1986 թուականներուն սորուած է եւ գերազանցութեան վկայականով աւարտած է Թալինի թիւ 76 պրոֆտեխնիկական ուսումնարանը: Այնուհետև 1987-1990 թուականներուն սորուած է ԵՊՀ պատմութեան ֆակուլտետը։ Համալսարանի չորրորդ քուրսին Թաթուլը միացեր է Հայկական ազատագրական շարժմանը։ 1987-1989 թուականներուն Թաթուլը եղած է Արցախը Հայաստանի հետ վերամիաւորելուն ուղղուած «Միացում» կազմակերպութեան անդամ։

Երգած է «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համոյթէն, հաւաքագրած ու մոռացութիւնէ փրկած է ժողովրդական, եւ ազգային-ազատագրական պայքարի մասին երգեր ու պարեր: Երեւանի պետական համալսարանին մէջ հիմնադրեր է «Կարս» ազգագրական երգի-պարի համոյթը:

1990 թուականի Սեպտեմբերին Թաթուլը մեկնած է Արցախ, որտեղ վիճակը կը շարունակուէր վատթարանալ։ Իր իսկ հիմնած զինուած խումբով 1990 թուականի Սեպտեմբերէն մինչեւ 1991 թուականի Մայիս ամիսը ղեկավարած է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանութիւնը՝ ընդդէմ ատրպէյջանական զինուած ուժերու, ռուսական բանակի եւ ոստիկանական խմբաւորումներու։Թաթուլին կանուանէին Գետաշենի Արծիւ:

Զոհուած է 1991 թուականի Ապրիլի 30-ին՝ «Օղակ» գործողութեան ժամանակ։ 1996 թուականի Սեպտեմբերի 20-ին արժանացեր է ՀՀ Ազգային հերոսի կոչմանը։ Պարգեւատրուեր է նաեւ «Հայրենիք» շքանշանով։ 

Թաթուլ Կրպեյանն կ՛ըսէր “Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կը մեռնեմ, այդ բանը չեմ անի…”