Ժխտողականության «անփոփոխ փոփոխություններ»-ը

  • by Western Armenia, 04 Մայիսի, 2024 in Արմենոցիդ
33 դիտում

Մեկ շաբաթ շարունակ ՝ Western Armenia TV-ին ձեզ ներկայացրեց ՝ Արևելյան Հայաստանի՝ «Զորյան ինստիտուտ» հետազոտությունների և զարգացման միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարի Հովհաննիսյանի հետազոտական աշխատանքը, որտեղ նշվում էր, որ Համիդյան վարչախումբը՝ ցեղասպանության ժխտման հիմնական թեզերի հիմնադիրն է։ Հաջորդ թեմայում կփորձենք հասկանալ՝ Հայերի դեմ իրականացված  Ցեղասպանության ժխտողականության ռազմավարության փոփոխությունները տարբեր նշանակալի ժամանակաշրջաններում: Դրանք հիմանականում չորսն են.  

1920-ականներ` «Նման բան տեղի չի ունեցել», 

1960-ականներ՝ «Մենք ոչ մեկին չենք կոտորել», 

1970-80-ականներ` «Մեզ են դավաճանել», 

2000-ականներ` «Պատերազմական պայմաններ» , “Արդար հիշողություն», «Ընդհանուր ցավ»: 

Թուրքական ժխտողականությունը, թեեւ փոփոխությունների է ենթարկվել ՝ աշխարհաքաղաքական, պատմական կամ հասարակական տարբեր համատեքստերում,սակայն, արդեն մեկ դար է՝ ակտիվ կամ պասիվ կերպով միշտ ներկա է: Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը կարելի է ամփոփել այս ձեւակերպումով՝ «անփոփոխ փոփոխություններ»:

Հերքումը ցեղասպանության վերջին փուլն  է եւ , քանի դեռ այն շարունակվում է, ցեղասպանությունն էլ է շարունակվում: Հետեւաբար՝ ցեղասպանությունը սկիզբ է առել Արևմտյան Հայաստանում Օսմանյան կայսրության կողմից իրականացված եւ ,որքան էլ Թուրքիան իրեն պատասխանատու չհամարի տեղի ունեցածների համար, ժխտողական կեցվածքով շարունակում է իր իսկ նախահայրերի սկսած գործը:

Երբ հետադարձ հայացք ենք նետում Թուրքիայի ցեղասպանության հարցում վարած քաղաքականություններին, ակնհայտ է դառնում, որ հիմքում որեւէ էական փոփոխություն չի գրանցվել: Ժխտողական քաղաքականությունը ձեւաչափ, լեզվական ոճ եւ երանգ է փոխել, բայց երբեք՝ բովանդակություն: Երբեմն՝ բացե ի բաց, երբեմն ՝ քողարկված ժխտողականությունը ներկա է եղել: Հերքելու, սովորական իրադարձության նման ներկայացնելու, հայերին դավաճանության մեջ մեղադրելու եւ իրենց զոհի կարգավիճակում ներկայացնելու ակտիվ ժխտողականության կողքին իր ուրույն տեղն է գրավել նաեւ պասիվ ժխտողականությունը` լռելու, չլսելու եւ չիմանալու տալը: