Իսլամը և Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը

  • by Western Armenia, 06 Մայիսի, 2024 in Արմենոցիդ
46 դիտում

Կրոնական գործոնի շահարկման ուղղակի օրինակը՝  20-րդ  դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված ցեղասպանությունն է: 

Դեռևս 17-րդ դարի երկրորդ կեսից Օսմանյան կայսրության տիրապետության տակ հայտնված Արևմտյան Հայաստանում հայ ազգաբնակչության հանդեպ կիրառվող խտրականության հիմքում ի սկզբանե առկա էր կրոնական գործոնը:  

1908 թ. հեղաշրջման արդյունքում իշխանության եկած «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը սկզբում փորձում էր առաջնորդվել հավասարության, եղբայրության և ազատության կարգախոսներով` հույսեր առաջ բերելով կայսրության ճնշված ժողովուրդների, այդ թվում նաև հայերի շրջանում: Սակայն շուտով ակնհայտ է դառնում, որ երիտթուրքական քաղաքական կոչերը, և իրական գործողությունները քիչ ընդհանրություններ ունեին, և հայերի նկատմամբ համիդյան ջարդերից մինչև երիտթուրքական ցեղասպանություն թուրքերի համար ընդամենը մեկ քայլ էր: Շարիաթի կանոնների համաձայն՝ իրավական տեսակետից ի սկզբանե որոշակիացվել է մուսուլմանների և ոչ մուսուլմանների կարգավիճակը: Դեռևս 15-րդ դարում` արաբական արշավանքների ժամանակ, նրանք, ովքեր իսլամ չէին ընդունում, պայմանագիր էին կնքում` “Ակդ ալ Զիմմա”, որով արաբ կառավարիչը պարտավորվում էր պահպանել քրիստոնյայի անհատական, քաղաքական և սոցիալական ազատությունը, որի դիմաց վերջինս պետք է հարկ վճարեր: Այսինքն՝ ինքը` Ղուրանը, չէր կարող իր համակարգում հավասարություն թույլ տալ մուսուլմանների և ոչ մուսուլմանների միջև: Փաստորեն ստեղծվում էր երկշերտ հասարակություն` մի կողմից մուսուլմանները, որոնք պատկանում էին ումմային, իշխող ազգ էին, և ոչ մուսուլմանները, որոնք մի աստիճան ցածր էին կանգնած: Հետևաբար,  երբ 1908 թ. երիտթուրքական ուժերն իշխանության եկան՝  հավասարության կարգախոսն առաջ քաշելով,  ի սկզբանե չէր համապատասխանում իսլամի սկզբունքներին: Եվ այդ նույն արդարության, հավասարության սկզբունքներով իշխանության եկած երիտթուրքերը կրկին հաստատում են իրենց` թուրքերի իշխող ազգ լինելու փաստը, անգամ նրանց պաշտոնական երդումը տպագրվել է «Իթթիհադ վե թերաքիի» կիսապաշտոնական «Թանին» թերթում: Վերջինիս գլխավոր խմբագիրը` Հուսեյն Քահիդը, խմբագրական հոդվածում հայտարարել է, որ անկախ դեպքերի ընթացքից, և ելքից թուրքերը «եղել և մնում են իշխող ազգ»: