Համիդյան վարչախումբը՝ ցեղասպանության ժխտման հիմնական թեզերի հիմնադիր (Մաս երրորդ)

  • by Western Armenia, 01 Մայիսի, 2024 in Արմենոցիդ
32 դիտում

Թուրքիայում ժխտողական քաղաքականությունը սկիզբ է առել դեռևս Աբդուլ Համիդ  II-ի (1842-1918) կառավարման ժամանակաշրջանում (1876-1909):

 Հայերի դեմ իրականացված  ցեղասպանությունը, ըստ էության, սկսվել է ոչ թե երիտթուրքերի օրոք, այլ շատ ավելի վաղ՝ Աբդուլ Համիդ 2-րդի գահակալության տարիներին: Բռնության մեթոդները, ոճրագործությունների համակարգված և բծախնդրորեն մշակված բնույթը, և առանձնակի դաժանությունները չեն տարբերվել ավելի ուշ իրագործված և իրավական եզրույթով ցեղասպանություն որակված դեպքերից։ Ավելին, ցեղասպանության ուրացման ակունքները պետք է փնտրել հենց այս ժամանակաշրջանում: Հիմնական թեզերը, որոնք սկզբնավորվել և լայնորեն կիրառվել են այդ ժամանակաշրջանում, հետագայում կրկնօրինակվել են, վերամշակվել, կատարելագործվել և համապատասխանեցվել հաջորդող ժամանակաշրջանի պայմաններին: Հետագայում փոփոխվել են ձևակերպումները, սահմանումները, արտահայտչամիջոցները, հռետորաբանության պաթոսը, բայց բովանդակությունը հիմնականում պահպանվել է: Ժխտողական թեզերից մեկը մշտապես եղել է’  բռնությունների, կոտորածների և զանգվածային սպանությունների մեջ զոհերին մեղադրելը: Հարկ է նշել, որ շատ հաճախ ժխտողական թեզերը միահյուսվել են: 

Այսպես, օրինակ, Աբդուլ Համիդ 2-րդի կողմից Գյումուշհանե, Կարինում, Բաղեշում և Վան նահանգներում հայերի կոտորածները հետաքննող հանձնաժողովի նախագահ նշանակված Սադեդդին փաշան հայերին ուղղված իր ուղերձում ասում է հետևյալը. «Դուք սխալ ուղով եք գնում՝ ձեզ սպասող մահվան վտանգով: Ես՝ որպես Օսմանյան պետության ներկայացուցիչ եմ տեղեկացնում։ Հրաժարվեք, մի՛ շեղվեք այն ուղուց, որին հետևել եք վերջին չորս դարերի ընթացքում. հրաժեշտ մի՛ տվեք հավատարմությանը: Դուք կզղջաք դրա համար: Եվ փաստից հետո զղջումներն անօգուտ են: Այն, ինչ դուք ցանկանում եք և հույս ունեք ստանալ, հաջողության ամենաչնչին հնարավորություն չունի, որովհետև այն չի համապատասխանում եվրոպական քաղաքական հավասարակշռությանը»: