Հայերի դեմ իրականացված ցեղասպանության ժամանակագրություն

  • by Western Armenia, 12 Ապրիլի, 2024 in Արմենոցիդ
33 դիտում

1912-1913թթ.

Բալկանյան պատերազմները և հայերը

Երիտթուրքերի տիրապետությունը գրեթե ոչ մի էական փոփոխություն չմտցրեց բնիկների, այդ թվում` Արևմտյան Հայաստանի հայության դրության մեջ: Ընդհակառակը՝ վատթարացրեց այն:1912-1913 թթ. Բալկանյան պատերազմներում Օսմանյան Թուրքիայի կրած պարտությունը քաղաքական աշխուժություն է առաջացնում հայերի շրջանում: Ելնելով ստեղծված բարենպաստ իրավիճակից՝ հայերը որոշում են մեծ տերությունների ուշադրությունը հրավիրել հայկական վիլայեթներում բարենորոգումներ իրականացնելու վրա: 1912թ. հոկտեմբերի 2-ին կաթողիկոս Գևորգ V-ը պաշտոնապես դիմում է Կովկասի փոխարքա Ի. Վորոնցով-Դաշկովին՝ խնդրելով հարց բարձրացնել ցարի առջև Բեռլինի 61-րդ հոդվածը իրականացնելու համար: Մեկ ամիս անց կաթողիկոսը եգիպտահայ նշանավոր քաղաքական և հասարակական գործիչ Պողոս Նուբար փաշային լիազորում է մեծ տերություններին ներկայացնել հայկական բարենորոգումների խնդիրը:

Հայկական հարցի վերաբացումից անհանգստացած՝ թուրքական կառավարությունը կազմում է բարենորոգումների մի ծրագիր: Դրանով նախատեսվում էր բարենորոգումներ կատարել հայկական վեց վիլայեթներից (Վանում, Բիթլիսում, Տիգրանակերտում, Տրապիզոնում, Կարինում  և Սեբաստիաում) միայն չորսում:

Իրենց հերթին Արևմտյան Հայաստանի հայերը  կազմում են բարենորոգումների իրականացման սեփական ծրագիրը: Այն նախատեսում էր վեց վիլայեթները միավորել մեկ երկրամասի մեջ, որը պետք է գլխավորեր գերագույն կոմիսարը կամ գեներալ-նահանգապետը:

Հայկական բարենորոգումների իրականացման վերահսկողությունը դրվում էր մեծ տերությունների վրա: Ռուսաստանը պետք է հետևեր դրանց իրագործմանը: