Հայերի դեմ իրականացված ցեղասպանության ժամանակագրություն

  • by Western Armenia, 13 Ապրիլի, 2024 in Արմենոցիդ
32 դիտում

1914թ. օգոստոս - հոկտեմբեր

Առաջին աշխարհամարտի սկիզբը, և Օսմանյան կայսրության ներգրավվելը պատերազմի մեջ

1914թ. օգոստոսի 1-ին սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որը տևեց չորս տարի: Նրանում հիմնական դերակատարները’ XIXդ. վերջին – XXդ սկզբին ձևավորված  երկու՝ միմյանց թշնամի ռազմաքաղաքական խմբավորումներն էին` Անտանտը, որի կորիզը կազմում էին Անգլիան, Ֆրանսիան ու Ռուսաստանը, և Կենտրոնական պետությունները` Գերմանիան, Ավստրո-Հունգարիան ու Իտալիան, որին այնուհետև միացավ Թուրքիան: 

Պատերազմի մեջ ներքաշվեց երկրագնդի բնակչության 75%-ը` 1,5 մլրդ մարդ, զորակոչվեց 74 մլն մարդ: Ռազմական գործողությունների տարբեր թատերաբեմերում զոհվեց՝ 10 մլն., այդ թվում՝ 1,5 միլիոն հայ, և վիրավորվեց 20 մլն, մարդ: 

1914թ. հոկտեմբերի 29-ին, Օսմանյան կայսրությունը, որը ղեկավարում էր երիտթուրքական կառավարությունը` բաղկացած ներքին գործերի նախարար Թալեաթից, զինվորական նախարար Էնվերից և ռազմածովային նախարար, ծովակալ Ջեմալից, պաշտոնապես պատերազմի մեջ մտավ: 

Արդեն 1915 թվականի փետրվարին ՝ Հայերի դեմ ցեղասպանությունը կազմակերպված և անողոք կերպով իրականացնելու համար «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի որոշմամբ, 1914թ. փետրվարին ստեղծվեց “Երեքի” գործադիր կոմիտեն` կազմված դոկտոր Նազըմից, Շաքիր Բեհաէդդինից և Միդհաթ Շյուքրիից: Երիտթուրքական եռապետությունը` Թալեաթը, Էնվերը և Ջեմալը, գործում էին  այս կոմիտեի միջոցով, որի վրա դրված էր օսմանյան կայսրության՝ ամբողջ հայության տեղահանման և ջարդերի կազմակերպման ու իրագործման ողջ պատասխանատվությունը: Կոմիտեն, որ օժտված էր ամենալայն լիազորություններով, մանրամասն մշակել էր հայերի տեղահանության և ոչնչացման բոլոր տեխնիկական հարցերը` նրանց տեղահանման ժամկետներն ըստ շրջանների, տեղահանման ուղիները և վայրերը, ոչնչացման նպատակով՝  նրանց կենտրոնացման վայրերը։