Հայերի դեմ իրականացված ցեղասպանության ժամանակագրություն

  • by Western Armenia, 15 Ապրիլի, 2024 in Արմենոցիդ
38 դիտում

1915թ. Արևմտյան Հայաստանի հայերի տեղահանությունների և կոտորածների սկիզբը. Զեյթուն

1915–16 թթ.-ին զեյթունցիները դիմեցին ինքնապաշտպանության, որը, սակայն, ավարտվեց անհաջողությամբ։ 1915թ.-ի մարտին, Զեյթունի հայերը բռնի տեղահանվեցին և “քշվեցին” Դեր Զորի անապատը։ Նրանց մեծ մասը կոտորվեց, փրկվածները տարագրվեցին առաջին աշխարհամարտում։

Ապրիլ-հունիս.

Բանակ զորակոչված հայ զինվորներին ոչնչացնելուց հետո, երկրորդ ծանր հարվածը հայերին հասցվեց 1915թ. ապրիլի 24-ին: Այդ օրը Կոնստանդնուպոլսում ձերբակալվեց և, առանց որևէ պաշտոնական մեղադրանք ներկայացնելու, աքսորվեց Արևմտյան Հայաստանի մտավորականության ընտրանին, այդ թվում` թուրքական խորհրդարանի` մեջլիսի հայ անդամներ, գրողներ, փաստաբաններ, ուսուցիչներ, լրագրողներ, բժիշկներ, հասարակական գործիչներ, հոգևորականներ, արվեստի գործիչներ, թվով մոտ 800 մարդ: 

Նրանք բոլորը ոչնչացվեցին աքսորի ճանապարհին կամ աքսորավայրում` տեղ հասնելուն պես: Ծրագրված կերպով ձերբակալվում և սպանվում էին հայ կուսակցական և քաղաքական գործիչները: Այդ ճակատագրին արժանացան Զեյթունի հայտնի ղեկավար Նազարեթ Չաուշը, Վանի ականավոր ազգային գործիչ Իշխանը, Ուրֆայի հայության ողջ ղեկավարությունը` մոտ 100 մարդ:

Հունիսի 15-ին Կ. Պոլսո Սուլթան Բայազետ հրապարակում կախաղան բարձրացվեցին Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության 20 անդամները` քաղաքական գործիչ Փարամազի գլխավորությամբ: Օսմանյան կառավարության նպատակն’ էր անմիջապես գլխատել Արևմտյան Հայաստանի հայությանը, թողնել նրան առանց զինական ուժի և քաղաքական ու մտավորական ղեկավարության, կազմալուծել և բարոյալքել հայությանը և դրանով իսկ կանխել հայության կողմից դիմադրություն կազմակերպելու որևէ հնարավորություն: Կարելի է ասել, որ մոտ 60 հազար հայ զինվորների ոչնչացումը և հայ մտավորականության գլխատումը ճակատագրական եղան Արևմտյան Հայաստանի հայության համար: 

Նա կորցրեց իր կազմակերպչական և դիմադրողական ուժը, որով և բացատրվում է ցեղասպանության իրականացման, համեմատաբար, հեշտությունը և մեծ ծավալները: Դրանից հետո ջարդարարներն անցան հայության հիմնական մասի բռնի տեղահանմանը և ոչնչացմանն’ իր իսկ բնօրրանում` բուն Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում: Հայերի հանդեպ իրականացրած  կոտորածները և տեղահանումը ընդգրկեցին ողջ Օկուպացված Արևմտյան Հայաստանում: