Հայերի դեմ իրականացված ցեղասպանության ժամանակագրություն

  • by Western Armenia, 17 Ապրիլի, 2024 in Արմենոցիդ
41 դիտում

1915 թվականի ՝ մայիսի 22-25

Պոլսի Նուրու Օսմանիե կենտրոնում բացվեց Երիտթուրքերի «Հատուկ կազմակերպության» խառը ժողովը, որին Թալեաթը ներկայացրեց հայերի տեղահանության ձևի և ընթացքի, հայերի կողմից լքվելիք գույքի տնօրինման, հայերի գյուղերի, տների վերաբնակեցման մասին ընդարձակ ծրագիր: Ժողովը, ավարտելով իր նիստերը, որոշում կայացրեց ամբողջապես իրագործել հայերի տեղահանության և ջարդերի երիտթուրքական ծրագիրը:

Դաշնակից պետությունների բողոքի նոտան Դաշնակից պետությունները չէին կարող անտարբեր մնալ այն ամենի նկատմամբ, ինչ տեղի էր ունենում Օկուպացված Արևմտյան Հայաստանում, և բողոքի նոտա հղեցին թուրքական կառավարությանը` մեղադրելով նրան հայերի զանգվածային կոտորածներ իրականացնելու մեջ: 1915թ. մայիսի 24-ին Լոնդոնում, Փարիզում և Պետրոգրադում միաժամանակ հրապարակվեց Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարությունների համատեղ պաշտոնական հայտարարությունը` Հայաստանում հայերի կոտորածների և թուրքական կառավարության անդամների անձնական պատասխանատվության մասին: Այդտեղ, մասնավորապես, ասվում էր. 

«Այս ամբողջ ամսվա ընթացքում Հայաստանում թուրքերի և քրդերի կողմից տեղի է ունենում հայերի կոտորած օսմանյան իշխանությունների ակնհայտ թողտվությամբ, իսկ երբեմն էլ` ուղղակի աջակցությամբ: Ապրիլի կեսին հայերի ջարդեր են տեղի ունեցել Էրզրումում, Բիթլիսում, Մուշում, Սասունում, Զեյթունում և ամբողջ Կիլիկիայում: Վանի շրջակայքում գլխովին կոտորվել են հարյուրավոր գյուղերի բնակիչներ, բուն Վանում հայկական թաղամասը պաշարել են քրդերը: Միևնույն ժամանակ Կոնստանդնուպոլսի թուրքական կառավարությունը անասելի հալածանքների է ենթարկում հայկական խաղաղ բնակչությանը»: 

Անգլո-ֆրանս-ռուսական համատեղ հայտարարությունը վերին աստիճանի կարևոր, XX դարում ընդունված առաջին պաշտոնական փաստաթուղթն էր, որը մեկ այլ կառավարությանը և նրա անդամներին հավաքականորեն և անձնապես պատասխանատու էր համարում նրանց կատարած հանցանքների և ոճրագործությունների համար: