Հայերի դեմ իրականացված ցեղասպանության ժամանակագրություն

  • by Western Armenia, 05 Ապրիլի, 2024 in Արմենոցիդ
70 դիտում

1891թ.

Աբդուլ Համիդը II ստեղծում է «Համիդիե» հատուկ զորաջոկատները:

Բեռլինի վեհաժողովում փաստորեն տերությունները սուլթան Աբդուլ Համիդ II-ին հանձնարարեցին «ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից» այն դեպքում, երբ ինքը` սուլթանն էր քրդերի և չերքեզների հակահայկական բոլոր գործողությունների գլխավոր հրահրողը: Դրա լավագույն վկայությունն է, որ հենց Բեռլինի վեհաժողովից հետո` 1891թ., նրա հրամանով ստեղծվեց բացառապես քրդերից կազմված և օսմանյան կառավարության հաշվին պահվող հեծելազոր, որը նրա անունով կոչվեց «Համիդիե»: Այն կազմված էր 30 գնդերից և չէր մտնում օսմանյան բանակի համակարգի մեջ, այլ պահպանվում էր որպես ինքնուրույն ռազմական միավոր` տեղակայված հայկական Երզնկա քաղաքում: «Համիդիեի» գլխավոր նպատակը, փաստորեն, կայսրության ողջ տարածքում հայկական ջարդեր իրականացնելն էր:

Աբդուլ Համիդի օրոք էր, որ կառավարության կողմից սկսեց կիրառվել նաև մշակութային ցեղասպանություն։ Ընդ որում, եթե ֆիզիկական բնաջնջման մարտավարությունը հնարավոր էր ժամանակ առ ժամանակ հանել զինանոցից, արտաքին պայմաններից կամ այլ նկատառումներից ելնելով, ապա պետականորեն ղեկավարվող մշակութային ցեղասպանությունը չդադարեց հայ ժողովրդի նկատմամբ և շարունակվում էր ավելի քան հարյուր տարի։ Միաժամանակ, սուլթանը փորձում էր անմիջական հարված հասցնել Հայրենիքում՝ Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում ապրող հայերին՝ անտանելի պայմաններ ստեղծելով նրանց գոյության համար։ Սովորական են դառնում հայ ժողովրդի նկատմամբ կիրառվող հալածանքները, խաղաղ բնակչության կողոպուտը, թալանն ու բռնություները։ Հայաբնակ բոլոր մարզերում ստեղծվում է յուրահատուկ հակահայկական վարչակարգ։ Երկիրը վեր է ածվում մի կատարյալ դժոխքի։ «Առաջին քայլը,- գրում էր ժամանակի խոշորագույն հրապարակախոսներից մեկը՝ Էմիլ Դիլոնը,- բնաջնջման ծրագրի իրականացման ուղղությամբ, այն էր, որ պարբերաբար քայքայեն ժողովրդին» ։ Դա նախ և առաջ իրականացվում էր ամենադաժան հարկային քաղաքականությամբ։ Հատկապես ծանր էին գլխահարկը և ռազմական հարկը։ Սուլթանը տնտեսական ճնշումները զուգակցում էր ամենանուրբ քաղաքական հետապնդումներով։ Պետական քաղաքականության աստիճանի էր բարձրացվել մուսուլմանների բնակեցումը հայաբնակ գյուղերում և շրջաններում։ Ընդ որում, վերաբնակիչները տասը տարով ազատվում էին ռազմական ծառայությունից, ստանում էին անվճար հողատարածություններ և նյութական օժանդակություն։ Զանգվածային այս վերաբնակեցումները հետապնդում էին մեկ նպատակ՝ փոխել հայաբնակ շրջանների ազգային կազմը, թուլացնել, տնտեսապես հարվածել հայերին և հասնել նրան, որ հայ ազգաբնակչությունը իր հայրենիքում կազմի չնչին տոկոս։ Հարկ է նշել, որ հայկական վիլայեթներում հաստատվում էին բացառապես ռազմատենչ, հետամնաց, թալանով ապրող քրդական ցեղերը և հյուսիսկովկասյան մոլեռանդ ցեղախմբերը։