Հայերի դեմ իրականացված ցեղասպանության ժամանակագրություն

  • by Western Armenia, 06 Ապրիլի, 2024 in Արմենոցիդ
58 դիտում

1894-1896թթ.

Հայերի զանգվածային կոտորածները ողջ Արևմտյան Հայաստանի տարածքում և Սասունի հերոսամարտը։

19-րդ դարի  վերջին օսմանյան իշխանությունների կազմակերպած հայկական ջարդերի գագաթնակետը դարձան 1894-1896թթ. կոտորածները: Առաջին հարվածը հասցվեց Սասունին` Բիթլիսի վիլայեթի գավառներից մեկին, որը մշտապես աչքի էր ընկնում թուրքական կամայականություններին դիմադրելու իր անկոտրում կամքով: 1894թ. օգոստոսին Սասունի վրա շարժվեց թուրքական չորրորդ բանակը: Ուժերն անհավասար էին, և թուրքական կանոնավոր բանակն ի վերջո հաղթեց: Սասունն ավերվեց (Սասունի ապստամբության մասին նյութերը առկա են ՝ Western Armenian TV-ի կայքում)։ Կործանվեց 40 գյուղ, սպանվեց 10 հազար մարդ: 1895թ. սեպտեմբերին սկսվեցին հայկական ջարդերը Պոլսում, ապա նաև’ Տրապիզոնում, Երզնկայում, Մարաշում, Սեբաստիայում, Կարինում, Տիգրանակերտում, Բայազետում, Խարբերդում և այլուր: Սուլթանական իշխանությունները փորձեցին ջարդեր կազմակերպել նաև Զեյթունում, սակայն դա նրանց չհաջողվեց. տեղի բնակչությունը նախօրոք անհրաժեշտ կազմակերպչական քայլեր էր ձեռնարկել’ թուրքական զորքերին դիմադրելու համար: Կոտորածները նոր թափով վերսկսվեցին 1896թ.: Նոր զանգվածային ջարդեր տեղի ունեցան Կոստանդնուպոլսում, Ուրֆայում, Շապին-Գարահիսարում, Ամասիայում, Մուշում, Մարզվանում և կայսրության այլ շրջաններում: 1894-1986թթ. կոտորածների ժամանակ զոհվեց 300 հազար հայ: Սակայն հայերի կորուստները միայն դրանով չէին սահմանափակվում: Ստեղծված անասելի հուսալքված պայմաններում մոտ 100 հազար հայ բռնի դարձան մահմեդական, և մոտավորապես այդքան էլ հայեր հարկադրված հեռացան իրենց հայրենիքից: