«Նախ պետք է հասկանանք, որ ցեղասպանության զոհը միայն սպանվածները չեն»․ Էդիտա Գզոյան

  • by Western Armenia, 31 Մայիսի, 2024 in Արմենոցիդ
30 դիտում

Լրագրողներ հետ հանդիպման ժամանակ՝ «Հայերի ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ի տնօրեն Էդիտա Գզոյանը նշել է,որ այսօր ապրում ենք թվային տեխնոլոգիաների դարում. հնարավոր չէ թուրք հասարակությանը իզոլացված պահել իրական փաստերի վրա հիմնված պատմությունից։ Ընդամենը համացանցով մի թեթև որոնման արդյունքում կարելի է կարդալ ամբողջ ճշմարտությունը Հայերի դեմ իրականացված ցեղասպանության մասին: 

«Մեր անգլերեն հրապարակումները հնարավորություն են տալիս մեծապես ընդլայնելու մեր ընթերցողների թիվը։ Նաև մեր կայքի միջոցով պարբերաբար գիտահանրամատչելի տեղեկատվություն ենք տրամադրում։ Նշեմ, որ կայքը գործում է նաև թուրքերենով, և հիմնականում մեր բոլոր նյութերը թարգմանվում ու այդ կերպ են նաև տարածվում։ Նշեմ, որ թանգարանն ամեն տարի գալիս են Թուրքիայի քաղաքացիներ, որոնք այցելում են թանգարան և նաև այդ միջոցով են ծանոթանում իրենց պատմությանը։ Շատ կարևոր են նաև հուշագրությունների տպագրությունն ու թարգմանությունը, քանի որ դրանք, գրված լինելով անմիջապես ցեղասպանությունը վերապրածների կողմից, ազդեցության և խորքայնության տեսանկյունից Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունն ավելի լավ հասկանալու համար խիստ կարևոր են նաև հենց ոճրագործ պետության քաղաքացիների համար, քանի որ հնարավորություն են տալիս հասկանալու ցեղասպանության միջով անցած զոհի ճանապարհը, տեսնելու զոհի կողմից ներկայացվող ոճրագործին»։

Հարցին թե մեկ դար անց ցեղասպանության արհավիքն իր դրսևորումները գտավ նաև Արցախում։ Այդ հարցը միջազգային ատյաններում բարձրացնելու համար թանգարան-ինստիտուտը որևէ բան ծրագրել կամ ձեռնարկո՞ւմ է։ Գզոյանը պատասխանել է․

«Հուշահամալիրի տարածքում ունենք երկու կոմպոնենտ, որոնք կապված են Արցախի պատմության և Ադրբեջանի հակահայ քաղաքականության հետ:Հուշահամալիրի տարածքում կան հինգ ազատամարտիկների գերեզմաններ, որոնք զոհվել էին Արցախյան առաջին պատերազմի սկզբում, երեք խաչքար, որոնք նվիրված են Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի հայերի դեմ 1988-1990-ականների սկզբում իրականացված բռնություններին։Օգտվելով այդ հանգամանքից՝ բոլոր պատվիրակություններին ներկայացնում ենք նաև արցախյան հիմնահարցի պատմությունը, կապում Հայոց ցեղասպանության հետ և բացատրում, թե ինչու են այդ գերեզմաններն ու խաչքարերը կազմում Հայերի ցեղասպանության հուշահամալիրի մաս։Ադրբեջանի  կողմից  հակահայկականության այդ դրսևորումները և բռնությունները հայերի հանդեպ մարդկանց ընկալումներում Հայերի ցեղասպանության շարունակություն էր, ու այդ պատճառով խաչքարերը և գերեզմանները հանգրվանեցին հուշահամալիրի տարածքում։

Նշեմ, որ մեր անգլերեն ամսագրի հատուկ համար է հրատարակվել` նվիրված միայն արցախյան հարցին, և շուրջ հինգ գիտական հոդված տարբեր՝ մշակութային ցեղասպանության, սումգայիթյան ջարդերի վերաբերյալ, արցախյան հիմնահարցի իրավական վերլուծության, նաև` հայատյացության դրսևորումների վերաբերյալ՝ փորձելով համապարփակ ձևով ներկայացնել։ 

Ընդ որում, նշեմ, որ 2023-ի վերջին հատորում ևս երկու հոդված ունենք էթնիկ զտումների վերաբերյալ, որից մեկը ես ինքս եմ հեղինակել իմ գործընկերների հետ, մյուսը՝ Լեմկինի ինստիտուտի նախագահ Էլիզա Ֆոն Յոդեն-Ֆորգին»։

https://www.ermenihaber.am/am/news/2024/04/25/%D5%91%D5%A5%D5%B2%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/273519