Թուրքական իշխանության ժխտողական դիրքորոշումը հայերի ցեղասպանության հարցում

  • by Western Armenia, 24 Ապրիլի, 2023 in Արմենոցիդ
281 դիտում

Ցեղասպանության ականատես վերապրողների հիշողությունները մեզ համար դարձել են պատմական հիշողություն: Պատմական ճշմարտության վերականգնումը հայերի կողմից, ինչպես նաև օտարազգի բազմաթիվ ներկայացուցիչների ջանքերը այսօր օգնում են հաղթահարել Ցեղասպանության պատճառով գոյացած Արևելյան և Արևմտյան Հայաստանների մեջ եղած անջրպետը: Ժխտողական քաղաքականությունը պատճառ հանդիսացավ այս հարցի սխալ ընկալման համար, որը թողեց երկու բացասական ազդեցություն. 

1. Պատմագրության բացակայություն (կեղծ աղբյուրների ստեղծում):

 2. Հայ գրականության մեջ ցեղասպանության թեմային քիչ անդրադառնալը (պետության բացակայություն, գրաքննություն): 

Մինչ ցեղասպանության իրագործելը, իրագործելու ընթացքում և դրանից հետո Թուրքական իշխամնությունը ձեռնամուխ եղավ ստեղծելու իրեն պաշտպանող իրավական բնույթ ունեցող մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում էին հայերի արտաքսմանը և տեղահանությանը: Պատճառ բերելով Առաջին համաշխարհային պատերազմը՝ Թուրքական կառավարությունը այս կերպ փորձեց ապացուցել իր արարքների լեգիտիմությունը: Տեղահանումները և գաղթը կրկնակի առավելություններ էին տալիս թուրքերին՝ յուրահատուկ ձևով լուծելու Հայկական հարցը` թաքցնելով հազարավոր մարդկանց մահվան դատավճիռները տեղահանությունների և գաղթի ետևում։

Ցեղասպանության ժամանակ Օսմանյան կայսրությունը զարգացրել էր իր ապատեղեկատվական մեքենան` տարածելով հայերի դավաճանության և հայերի կողմից պատրաստվող դավադրության մասին կեղծ փաստեր` հայերի ինքնապաշտպանական մարտերը ներկայացնելով որպես ապացույց: Հայերի «դավաճանության» հեքիաթի և պատասխանատվության մասին խոսվում է 1916թ. Բարձր դռան կողմից հրատարակված «Սպիտակ թղթի» մեջ, որում դատապարտվում է Հայ հեղափոխական կոմիտեների գործունեությունը: Այս քարոզչական փաստաթուղթը` ստեղծված ներքին գործերի նախարարության կողմից, կազմված է հայ հեղափոխականների կողմից հրատարակած տեքստերից, երբ դեռ հայերը պայքարում էին Աբդուլ Համիդի դեմ` աջակցելով երիտթուրքերին: «Սպիտակ թուղթը» հնարավորություն է տալիս թուրքական կառավարությանը` հիմնավորել մի շարք դաժանություններ և անկարգություններ: Ժխտողականությունն ակնհայտ է դառնում 1919-1920թթ. Պոլսում տեղի ունեցած դատավարությունների ժամանակ: Ցեղասպանության կազմակերպիչներին հեռակա դատապարտում են մահապատժի, իսկ մի մասի նկատմամբ պատիժ կիրառում կամ դատապարտում են շատ մեղմ: