1991թ. հայերի դեմ իրագործված «Օղակ» գործողությունն անմիջապես համարժեք, օբյեկտիվ եւ հասցեական գնահատականի է արժանացել ԱՄՆ Սենատի կողմից

  • by Western Armenia, 08 Մայիսի, 2023 in Արմենոցիդ
212 դիտում

1991թ. ապրիլ-օգոստոս ամիսներին Ադրբեջանական ԽՍՀ ՆԳՆ ՕՄՈՆ-ի ջոկատները՝ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի եւ 4-րդ բանակի ստորաբաժանումների (Կիրովաբադ քաղաքում տեղակայված 23-րդ դիվիզիա) հետ համատեղ, նախաձեռնեցին Արցախի հայ բնակչության տեղահանման լայնամասշտաբ ռազմական գործողություն։

«Օղակ» գործողության արդյունքում ամբողջովին ավերվեցին Հյուսիսային Արցախի, ինչպես նաեւ Շահումյանի, Հադրութի եւ Շուշիի շրջանների ավելի քան երկու տասնյակ գյուղեր, տեղահանվեց գրեթե 10 հազար մարդ: 

«Օղակ» գործողության դաժան, ահասարսուռ դրվագներից մեկը  Հայկական ԽՍՀ-ի Ոսկեպար գյուղում ոստիկանների գնդակահարությունն է, որը շատերն անվանում են` «Ոսկեպարի կոտորած»:  1991թ. մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում տեղակայված խորհրդային զորքերի 4-րդ բանակի ստորաբաժանումները եւ ադրբեջանական ՕՄՈՆ-ը ուղղաթիռների, տանկերի եւ ծանր հրետանու օգտագործմամբ  փակում են Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի մուտքերն ու մտնում գյուղ։ Գյուղ մտած խորհրդային բանակի ու ադրբեջանական ՕՄՈՆ-ի ստորաբաժանումները պայթեցնում են 1 ավտոմեքենա՝ սպանելով 2 եւ ծանր վիրավորելով 7 խաղաղ բնակիչ։ Իմանալով Ոսկեպարում տեղի ունեցածի մասին՝ Նոյեմբերյանի շրջանի ներքին գործերի բաժնի 20 միլիցիոներ եւ 3 քաղաքացիական ուղեկիցներ բնակիչների պաշտպանության համար փորձում են անտառի միջով գյուղ մտնել։ Նրանցից 11-ը դաժանաբար գնդակահարվում են, իսկ մյուսները գերեվարվում ու տեղափոխվում են Ադրբեջանական ԽՍՀ-ում գտնվող Կիրովաբադ քաղաքի բանտ, որտեղ մահանում են եւս երեքը։ Խորհրդային զորքերի ստորաբաժանումները գերեվարում ու ադրբեջանական ՕՄՈՆ-ին են հանձնում նաեւ գյուղում գտնվող եւ բնակավայրը պաշտպանող 45 ոստիկաններին, որոնք նույնպես ադրբեջանական բանտում խոշտանգումների են ենթարկվում։ 

Հայտնի է, որ այս դաժան գործողությունների պատասխանատվությունից խուսափելու եւ միջազգային գնահատականները մեղմելու նպատակով կազմակերպվեց հետաքննություն, ԽՍՀՄ Գերագույն խորհրդում լսումներ անցկացվեցին, սակայն այդպես էլ կազմակերպիչներն ու պատասխանատուները չպատժվեցին։

1991թ. մայիսի 17-ին Միացյալ Նահանգների Սենատը բանաձեւ է ընդունել: 128-րդ բանաձեւը ԱՄՆ-ի Սենատ է ներկայացվել` Կարլ Լեւինի, Բոբ Դոուլի, Լարրի Փրեսսլերի եւ այլոց կողմից: Բանաձեւում դատապարտում են բռնությունը Հայաստանում, արձանագրում, որ Խորհրդային Միության իշխանությունն ու Ադրբեջանի կառավարությունը կտրուկ սաստկացրել են հարձակումները հայ խաղաղ բնակչության նկատմամբ: Բանաձեւում արձանագրվում է, որ խորհրդային եւ ադրբեջանական ուժերը ավերել են Արցախի եւ շրջակա հայկական գյուղերը, հայաթափել են դրանք` խախտելով միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքները:

https://www.aravot.am/2023/05/05/1339219/