Արցախի մանրատեղանուններ․Հադրութ

  • by Western Armenia, 08 Մարտի, 2023 in Ժառանգություն
137 դիտում

Ազոխի քարանձավ

Ազոխի քարանձավը գտնվում է Արցախի հանրապետության հարավ-արևելյան մասում՝ Հադրութի շրջանի Ազոխ գյուղի մոտ: Տեղակայված է գետահովտի վերևում՝ նույնանուն գյուղից շուրջ 200 մետր բարձրության վրա: Ազոխի քարանձավն աշխարհագրորեն տեղակայված է բնական միջանցքում, որով հնագույն մարդիկ և կենդանիները գաղթել են Աֆրիկայից դեպի Եվրոպա և Ասիա։

Ազոխի քարանձավը հանդիսանում է աշխարհում նախամարդու ամենահնագույն ու ամենահայտնի կայանատեղերից մեկը։ Այստեղ առաջին անգամ հնեաբանական մշակույթի այսպես կոչված աշելյան շերտում հայտնաբերվել են ավելի քան երեք հարյուր հազար տարի առաջ այստեղ բնակված նախամարդու աշխատանքի և որսորդության  քարե գործիքներ, որմնանկարներ: Քարանձավի հարավային մուտքի մոտ յոթ մետր խորության վրա հնէաբանները հայտնաբերել են նեանդերթալցու ստորին ծնոտի խոշոր կտոր։ 

Համաձայն ավանդության, այս քարանձավում են պահվել Ամարասի վանքի գանձերը: Իսկ Մակար Եպիս. Բարխուտարեանցը, ով հիշատակում է քարանձավի մասին 19-րդ դարի վերջին, նշում է, որ այստեղ տեսել է քարից կոփված կնոջ արձան: