Արևելյան Հայաստանը միացել է «Եվրոպայի նշանակալի գերեզմանոցներ» ուղուն՝ Նորատուսի պատմական միջնադարյան գերեզմանոց-հուշարձանով

  • by Western Armenia, 04 Դեկտեմբերի, 2023 in Մշակույթ
47 դիտում

Արևելյան Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը պաշտոնապես անդամակցել է «Եվրոպայի նշանակալի գերեզմանոցներ» (Association of Significant Cemeteries of Europe/ASCE) ասոցիացիային: Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի «Եվրոպայի նշանակալի գերեզմանոցներ» ասոցիացիան համարվում է մշակութային և զբոսաշրջային ուղղությունների եվրոպական ամենամեծ ցանցերից մեկը` լայն հանրությանը ներկայացնելով եվրոպական գերեզմանատների մշակույթը և դրանց պատմական կարևորությունը: Ասոցիացիան իր կազմում ընդգրկում է Եվրոպայի ավելի քան 150 նշանակալի գերեզմանոցներ՝ ամուր դաշինք ստեղծելով բազմաթիվ եվրոպական մշակութային և հուշարձանապահպան կազմակերպությունների միջև:

«Եվրոպայի նշանակալի գերեզմանոցներ» ասոցիացիային Արևելյան Հայաստանն անդամակցում է Նորատուսի պատմական միջնադարյան գերեզմանոց-հուշարձանով, որը լայն հեռանկարներ է բացում հայկական պատմամշակութային ժառանգության հանրահռչակման, զբոսաշրջային երթուղիների ընդլայնման և միջազգայնացման համատեքստում: