Արևմտյան Հայաստանի զավակները․ Գևորգ Կուլիջանյան

  • by Western Armenia, 09 Դեկտեմբերի, 2023 in Հասարակություն
45 դիտում

Գևորգ Սամվելի Կուլիջանյանը ծնվել է 2002 թվականի մայիսի 23-ին Մարտակերտի Հոռաթաղ գյուղում։ Նա 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներից մեկն է։ Գևորգը երկկողմանի ծնողազուրկ էր, ապրում էր մորաքրոջ և տատիկի հետ՝ Էջմիածնի Ծաղկունք գյուղում։ Սիրում էր ոտքով քայլել, ուր գնում էր, ոտքով էր գնում-գալիս, սիրում էր, որ ամեն ինչ ինքն իրենն ունենար։ Ուսուցչուհիներն ու ընկերները պատմում են, որ շատ ընկերասեր ու բարի տղա էր, պատրաստակամ բոլորին օգնելու։ Գևորգը տարբեր բնագավառներում է փորձել ուժերը, հաճախել է շախմատի, բայց քանի որ ակտիվ կյանք էր սիրում, սկսել էր զբաղվել սպորտով։ Սպորտում բազում հաջողությունների է հասել՝ հիմնականում զբաղեցրել 1-ին կամ 2-րդ հորիզոնականները։ Մինչ ծառայության մեկնելը նա արդեն երկրապահ կամավորների միության կողմից արժանացել էր կրտսեր սերժանտի կոչման։ Ծառայության անցել է 2020 թվականի հուլիսի 9-ին Արցախի Մարտունիի շրջանի զորամասերից մեկում, հետո տեղափոխվել Հայկազով։ Նա մի քանի ամսվա ծառայող էր, երբ սկավեց պատերազմը: Հարազատներին հանգստացնում էր, թե ամեն բան կարգին է, որ իրենք նորակոչիկ են ու չեն մասնակցում պատերազմին։ Բայց Գևորգը հրետանավոր էր։ 

Վերջին անգամ մորաքրոջ հետ խոսել է հոկտեմբերի 31-ին, հեռախոսն անջատել, որ կրակոցների ձայնը նա չլսեր, չէր ասել, որ իրենք էլ են կռվին մասնակցում։ Վիրաբի՝ Գևորգի ամենմտերիմ ընկերոջ խոսքով՝ զանգել էր իրեն, ասել, որ գնալու են Շուշի, կարող է մի քանի օր չզանգել, թող ընկերները գնան, իրենց տան համար ցախ կտրեն, ցախը քիչ էր ձմռան համար։  Նոյեմբերի 2-ին Գևորգը անմահացավ Շուշիի համար մղվող համառ մարտերում`հրետանու արկից: Գևորգի զոհվելուց հետո «Հավերժների պուրակում»՝ 305 համարի տակ, Գևորգի անունով ծառն է տնկված։ Գևորգ Կուլիջանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։