Արևմտյան Հայաստանի զավակները․ Էդիկ և Արմեն Կարապետյաններ

  • by Western Armenia, 07 Դեկտեմբերի, 2023 in Հասարակություն
48 դիտում

Հայր և որդի Կարապետյանները զոհվել են արցախյան երրորդ պատերազմում: Հայրը՝ Էդիկ Կարապետյանը, կամավոր էր, որդին՝ Արմենը, ժամկետային զինծառայող: Որդին զոհվել է հոկտեմբերի 2-ին, հայրը՝ 3-ին: Հոր և որդու հոգեհանգիստն ու հուղարկավորությունը նույն օրն է եղել:

Արմենը ժամկետային զինծառայող էր, 19 տարեկան, տան փոքրն էր, իրենից մեծ 2 քույր ունի: Հայրենասեր երիտասարդ էր, նախաձեռնող, համայնքում շատ ակտիվ, ընկերասեր, մանկուց դաստիարակվել էր հայրենասիրությամբ ու հայրենիքի նկատմամբ մեծ նվիրվածությամբ, հոր օրինակին հետևելով:

Հայրն էլ՝ Կարապետյան Էդիկը, 56 տարեկան էր, արցախյան գոյամարտի մասնակից է եղել 1992-1994 թվականներին, «Շուն Էդո» մարտական անունն է ունեցել: Պատերազմը սկսվելուն պես կամավորագրվել, գնացել է մասնակցել կռվին: Տղայի մոտ չէր գնացել, ուրիշ կետում է կռվել։ Սեպտեմբերի 27-ի թուրք-ադրբեջանական հարձակումը Էդիկ Կարապետյանի վերջին պատերազմն էր. մարտական ծառայության մեդալակիր ազատամարտիկը մասնակցել է թե՛ արցախյան առաջին ազատամարտին, թե՛ 2016 թվականի քառօրյա պատերազմին:

Պատերազմ մեկնելու մտքից նրան հետ չի պահել անգամ տանը մենակ մնացած մայրը: Կինը և դուստրը Հայաստանում չեն եղել, կնոջը՝ Ալինային վստահեցրել է՝ պատերազմ չի մեկնելու: Կարապետյանները Սյունիքի մարզից են՝ Գորիսից, սակայն արդեն մի քանի տարի է՝ ապրում են Արմավիրի մարզի Փարաքար համայնքում:

Հայրը որդուն է հանգստացրել, թե իրեն չեն տանի առաջնագիծ, տեսողության խնդիր ունի, որդին էլ՝ հորը, թե վարորդ է, դիրքեր չեն տանի: Թե՛ որդին, թե՛ հայրը զոհվել են անօդաչու թռչող սարքի հարվածից, հայրը՝ Քարվաճառում, որդին՝ Մեխակավանում: Էդիկը տեղյակ չի եղել, որ որդին զոհվել է: Արմենը վերջին անգամ, երբ տնեցիների հետ խոսել է, ասել է՝ ամեն ինչ նորմալ է, պայքարում ենք: Հայր և որդի գիտակցված մահվան են գնացել: