Արևմտյան Հայաստանի հայերի հարցի շուրջ

  • by Western Armenia, 27 Նոյեմբերի, 2023 in Պատմություն
113 դիտում

1917թ. դեկտեմբերի կեսերին, երբ ռազմաճակատն արագորեն քայքայվում էր, Թիֆլիսում գեներալ Նազարբեկյանի գլխավորությամբ կազմավորվում էր Հայկական կորպուսը։Կորպուսի շտաբը նախապես տեղակայվում է Թիֆլիսի Աբասաբադյան հրապարակում գտնվող հայկական բարեգործական ընկերության շենքում, իսկ որոշ ժամանակ անց տեղափոխվում է Բեյբության փողոցի 3-րդ իգական գիմնազիայի շենքը։Շուտով ձեւավորվում են հայկական գնդերը. 1-ինը՝ Քանաքեռում, 2-րդը՝ Խնուսում, 3-րդը՝ Դիլիջանում, 4-րդը՝ Էջմիածնում, 5-րդը՝ Վանում, մեկական գունդ կազմավորվում է Սարիղամիշում եւ Ալեքսանդրապոլում։ Զորամասերի հրամանատարներ են նշանակվում գնդապետներ Ղարաքեշիշյանը, Հովսեփյանը, Պավել Փիրումյանը, Մելիք-Մուրադյանը, Բեյ Մամիկոնյանը, Արղությանը, Ղորղանյանը եւ ուրիշներ։ Կորպուսի կոմիսար է նշանակվում Դրոն։ Գեներալ Նազարբեկյանն իր հուշերում գրում է, որ կորպուսի ղեկավարությունը հանդիպում է դաշնակից պետությունների ներկայացուցիչներին։

«Հարկ եղավ փոխայցելություններ անել դաշնակից տերությունների ներկայացուցիչների՝ անգլիական զորավար Շորի, ֆրանսիական գնդապետ Շարդինիի եւ ամերիկյան հյուպատոս Սմիթի հետ։ Գնդապետ Շարդինիի հետ ես ծանոթացել էի դեռեւս 1915թ. սկզբին։ Նա ինձ մոտ եկավ, երբ ես Վանա լճի արեւմտյան ափին էի՝ Կարմուջ գյուղում։ Տերությունների այդ բոլոր ներկայացուցիչները շատ էին հետաքրքրվում կորպուսների եւ հատկապես՝ հայկական կորպուսի կազմավորման ընթացքով։Ամենից շատ հետաքրքրվում էին ֆրանսիացիները։ Գնդապետ Շարդինին նույնիսկ հայկական կորպուսի սպայակույտ գործուղեց ֆրանսիական հրետանային մի գնդապետի»։Շուտով Թիֆլիս է ժամանում Անդրանիկը եւ հանդիպում Նազարբեկյանի հետ։ Վերջինս առաջարկում է Անդրանիկին ընդգրկվել կորպուսի կազմում, ինչն Անդրանիկը մերժում է։ «Նա հպարտորեն մերժեց իմ առաջարկը եւ նույնիսկ դա, ըստ երեւույթին, զարմացրեց ու վիրավորեց նրան։ Պարզվեց, որ նրան առաջարկել էին Արևմտյան Հայաստանի հայերից կազմավորել համահավաք հայկական ջոկատ։ Ես այդպես էլ չէի կարողանում հասկանալ՝ նա ինձ ենթարկվում է, թե ոչ»,- գրում է Նազարբեկյանը։

1917թ. դեկտեմբերի 18-ին կազմավորվում է եւս մեկ ստորաբաժանում Թուրքեստանյան բանակային կորպուսի հայերից, որոնք, բաշխվելով վեց վաշտերում, դեկտեմբերի 22-ին հասնում են Երզնկա, որտեղ իրադրությունը ծայրահեղ ծանր էր. զորամասերի հեռանալուց հետո չէր գործում Տրապիզոն-Երզնկա ճանապարհը, զորքերը զանգվածաբար լքում էին առաջնագիծը։ Արդեն դեկտեմբերի 26-ին Երզնկայի ռազմաճակատից հեռանում է Թուրքեստանյան վաշտերի մեծագույն մասը. մնում է հայկական մեկ վաշտ՝ 4 սպա եւ մոտ 200 զինվոր։

«Գեներալ Լյախովի հեռանալուց հետո Երզնկայի ջոկատի պետ է նշանակվում գնդապետ Մորելը։ Դեկտեմբերի վերջին Երզնկայում մնացել էր մոտ 1400 զինվոր, 500 թուրքահայ կամավոր, 2 դաշտային եւ 2 լեռնային հրանոթ։ Թուրքեստանյան վաշտերի հրամանատարը կապիտան Հասանփաշայանն էր, իսկ կամավորականների հրամանատարը՝ Սեբաստացի Մուրադը»,- գրում է Նազարբեկյանը։

Ակնհայտ էր, որ Երզնկայում կնքված զինադադարը թուրքերի համար ժամանակ շահելու միջոց էր։ Երկարատեւ պատերազմից թուրքական բանակը քայքայվել էր, մատակարարումը գործում էր մեծ խափանումներով, զինվորները հաճախ քաղցած էին մնում։ Սակայն զինադադարից ռուսական բանակի նահանջը մեծ հնարավորություններ էր ստեղծում թուրքերի համար: Նրանք շատ լավ տեղյակ էին, թե ինչ է կատարվում ռազմաճակատի հակառակ կողմում, եւ փորձում էին վերականգնել իրենց ուժերը հետագա հնարավոր հարձակման համար։

Հայկական զորամասերը համալրելու նպատակով բնակչությանը կոչով դիմում են Անդրկովկասյան հայկական տարբեր կազմակերպությունները։ 1917թ. դեկտեմբերի 15-ին Հայ զինվորականների միությունը հայտարարում է, որ 1900-1905թթ. ծնված եւ ծառայության մեջ գտնվող զինվորները չեն զորացրվելու։ Միաժամանակ կոչ էր անում բնակչությանն ակտիվորեն պայքարել դասալիքների դեմ եւ համալրել նոր կազմավորվող հայկական զորամասերը։

Շարունակելի․․․
Նյութի համար աղբյուր է հանդիսել Մշակի 1917 թվականի քառասունվեցերորդ համարը