Արևմտյան Հայաստանի հայերի հարցի շուրջ

  • by Western Armenia, 30 Նոյեմբերի, 2023 in Պատմություն
73 դիտում

1917թ. դեկտեմբերի 29-ին ՌԽՖՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդն ընդունում է «Արևմտյան Հայաստանի մասին» հայտնի դեկրետը, որի մշակման համար 1917թ. նոյեմբերին Լենինի հրամանով ստեղծվել էր հատուկ հանձնաժողով, որի անդամներն էին Ստալինը, Վառլամ Ավանեսովը (Սուրեն Մարտիրոսյան), Վահան Տերյանը, Լուկաշինը (Սարգիս Սրապիոնյան), էսէռ Պռոշ Պռոշյանը (գրող Պերճ Պռոշյանի որդին), մենշեւիկ Պավել Ակսելրոդը եւ Ստեփան Զորյանը (Ռոստոմ)։ 

Հանձնաժողովը կարողանում է կարճ ժամանակում մշակել եւ խորհրդին ներկայացնել Արևմտյան Հայաստանի  մասին զեկույց եւ նախագիծ։ Զեկուցագրում, որի հիմնական կազմողը Վահան Տերյանն էր, նշված էր, որ Արևմտյան Հայաստանում հայ ժողովուրդը, պատերազմի սկզբին ամենամեծ թիվն ունեցող ազգային խումբն էր, իսկ երիտթուրքերի կառավարությունը օգտվել է առաջին համաշխարհային պատերազմից, բնաջնջել հայերին, «որպեսզի դրանով մեկնընդմիշտ վերջ տար Հայաստանի վերաբերյալ հարցին»։ Հանձնաժողովի անդամները ցանկանում էին, որ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը դեկրետ հրապարակի եւ պաշտպանի Արևմտյան Հայաստանի հայերի  ազգային ինքնորոշման իրավունքը, ինչպես նաեւ երաշխիքներ ստեղծի Արեւմտյան Հայաստանի հայ ազգաբնակչության ինքնորոշման համար։ Ռուսական զորքերի մնալը Արեւմտյան Հայաստանում այդ երաշխիքների կարեւոր բաղադրիչներից էր։ 

Ռուսական զորքերի մնալը Արեւմտյան Հայաստանում այդ երաշխիքների կարեւոր բաղադրիչներից էր։ Այս զեկուցագրի հիման վրա հանձնաժողովը կազմում է նաեւ « Արեւմտյան Հայաստանի մասին» դեկրետի նախագիծ, որտեղ ասված էր.

«Ժողովրդական կոմիսարների խորհուրդը հայտարարում է հայ ժողովրդին, որ Ռուսաստանի բանվորական եւ գյուղացիական կառավարությունը ամեն կերպ պաշտպանելու է հայերի ազգային լիակատար ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչեւ  Արեւմտյան Հայաստանի տերիտորիայի վրա անկախ հայ պետության ստեղծումը, միաժամանակ ցույց կտա ամեն տեսակ աջակցություն»։

Նախագծով նաեւ առաջարկվում էր, որ «անհրաժեշտ քանակությամբ զորքերը թողնել Հայաստանի սահմաններին այնքան ժամանակ, մինչեւ  Արեւմտյան Հայաստանի հայ բնակչությունը կկարողանա քվեարկությամբ վճռել անկախ Հայաստանի ներքին կարգը»։

Հետագա քննարկումներում, սակայն, նախագիծը փոփոխվում է, եւ 1917թ. դեկտեմբերի 29-ին ընդունվում, իսկ դեկտեմբերի 31-ին հրապարակվում է «Արևմտյան Հայաստանի մասին» դեկրետը։ Հայերի համար ամենակարեւոր կետը՝ ռուսական զորքերի պահպանումը Արևմտյան Հայաստանում դուրս է գալիս, միաժամանակ, դեկրետը կարեւոր գործառույթ է հատկացնում Կովկասի գործերի արտակարգ ժամանակավոր կոմիսար Ստեփան Շահումյանին, որին հանձնարարվում էր «ամեն տեսակ օգնություն ցույց տալ «Արևմտյան Հայաստանի» բնակչությանը։

http://www.western-armenia.eu/news/Actualite/2018/Russagan_Dekret/Arevmdyan_Hayasdani_Angakhoutyan-02.03.2018.pdf

http://www.western-armenia.eu/news/Actualite/2018/Histoire_du_Decret_russe_sur_l_Armenie_turque-12.01.2018.pdf