Արևմտյան Հայաստանի հայերի հարցի շուրջ

  • by Western Armenia, 15 Հունիսի, 2023 in Ժառանգություն
160 դիտում

Western Armenia tv-ին ներկայացնում է ՝ Հայաստանի պատմության թանգարանի XVIII- XX դդ. հայկական ավանդական զարդերի հավաքածուն  և XVI եւ XVII դդ. նմուշները, որոնք դասդասված են ըստ տեսակների, կիրառման ձեւերի, պատրաստման վայրերի եւ ժամանակի: Վերը  նշված դարերում Հայաստանի ու հայաշխարհի տարբեր ծագերում (Վան, Մուշ, Բայազետ, Սիվրի Հիսար, Սեբաստիա, Շապին-Գարահիսար, Ալաշկերտ, Մալաթիա, Բիթլիս, Կարինեւ այլն) հայ ոսկեձեռիկ վարպետների կողմից պատրաստված զարդերն են,  որ կրել է հայ դեռատի օրիորդը, երիտասարդ աղջիկը, մայրացած հայուհին եւ պատկառելի տարիքի հասած հայ կինը: XVIII-XX դդ. զարդերը ոսկուց են, արծաթից եւ ոչ թանկարժեք մետաղներից ու  համաձուլվածքներից: Զարդերում ակնազարդման եւ մետաղե մասերի հետ համադրվող ուլունքների համար օգտագործվել են բնական քարեր, սաթ, մարգարիտ, մարջան, սադափ, ապակի եւ այլն:

Թանգարանի զարդերի ժողովածուն երկար տարիների ընթացքում է հավաքվել` մի մասը Հայոց ազգագրական ընկերությունից է հանգրվանել այստեղ, մյուսներն ազգագրական գիտարշավների ու տեղում կատարված գնումների միջոցով են ձեռք բերվել, մի քանիսն էլ թանգարան են հասել նվիրատուների շնորհիվ:

Արեւմտյան Հայաստանի զարդերի մի զգալի մասը Հայաստանի պատմության թանգարան է տեղափոխվել Ս. Էջմիածնի թանգարանից, որը դրանք ձեռք է բերել  հիմնականում «Եղբայրական օգնության» միջոցներով: Այս զարդերի մասին տեղեկությունները, դժբախտաբար, թերի են, քանի որ մեծավ մասամբ ձեռք են բերվել ծանր պայմաններում` գաղթած ժողովրդից: Անգամ լինում է, որ հայտնի չէ զարդի գործածության ձեւը, անվանումները երբեմն օտար լեզուներով են:

Զարդերը սոսկ պերճանքի առարկաներ չեն, դրանք ազգի գեղագիտական ընկալումների, մտածելակերպի, զգացողության, ճաշակի ու ոճի արտահայտություններն են և  անմիջականորեն կապված են էթնիկ խմբի պատկերացումների, աշխարհընկալման, սովորույթների, ավանդույթների, ծեսերի ու տոների հետ։ զարդերը շատ բան են ասում մեր ոչ հեռավոր նախնիների մտածելակերպի, հոգեկերտվածքի ու հավատալիքների մասին: Զարդերը պատկերացում են  տալիս հայ արծաթագործության եւ ոսկերչության վերաբերյալ, քանզի ներկայացված են հայ վարպետների աշխատանքները: Ինչպես ազգային են լինում ճարտարապետությունը, երաժշտությունը, մանրանկարչությունը եւ արվեստի մյուս բոլոր ճյուղերը, այնպես էլ ազգային է լինում զարդարվեստը: