Բաքուն ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները Արցախում. ՄԱԿ-ի զեկուցող

  • by Western Armenia, 01 Դեկտեմբերի, 2023 in Հասարակություն
61 դիտում

Շվեյցարիայում  Արևելյան Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում մշտական ներկայացուցչությունն է, հրապարակել է ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի հաղորդագրությունը  Արցախի մշակութային և կրոնական նշանակալի վայրերի վիճակի մասին։ ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողն Բաքվին ուղղված հաղորդագրության մեջ մտահոգություն է հայտնել «հայկական պատմական, մշակութային և կրոնական նշանակալի վայրերի և օբյեկտների ոչնչացման և յուրացման շարունակական գործունեության, հայերի ներկայության հետքերը ջնջելու նպատակով  Արցախի պատմության կազմակերպված վերաիմաստավորման, ինչպես նաև տարածաշրջանում հայերի նկատմամբ խտրականության և մարդու իրավունքների ու միջազգային մարդասիրական իրավունքի միջազգային չափանիշների խախտմամբ իրականացվող ճնշումների վերաբերյալ: «Ինձ հատկապես անհանգստացնում են այն պնդումները, որ մարդկանց, հուշարձանների և խորհրդանիշների վրա համակցված հարձակումները, պատմության կեղծումը, տեղանունների ջնջումն ու հայերի մասին բացասական խոսակցությունները կարող են վերածվել մշակութային զտումների»,- ասել է ՄԱԿ-ի զեկուցողը:

Նա ընդգծել է, որ Միջազգային դատարանը, Եվրախորհրդարանը և Եվրոպայի խորհուրդը մտահոգություն են հայտնել Բաքվում  զարգացող գաղափարախոսության կապակցությամբ, որը հայկական մշակութային ժառանգությունը փորձում է ներկայացնել որպես «կովկասյան ալբանացիների» ժառանգություն, ինչպես նաև հայկական ժառանգության ժխտման ռևիզիոնիստական միտման կապակցությամբ: «Տարածաշրջանի արվեստի, ճարտարապետության և հնագիտության փորձագետների ճնշող մեծամասնությունը հերքել է ռևիզիոնիստական պնդումները՝ դրանք համարելով կեղծ»,- նշված է զեկուցողի հաղորդագրության մեջ: