Էթնիկ զտումներ Արցախում՝ ԵՄ-ի հավանությամբ. «Եվրոպացիներն հանուն Արցախի» նախաձեռնության նամակը Շառլ Միշելին

  • by Western Armenia, 22 Սեպտեմբերի, 2023 in Քաղաքականություն
43 դիտում

«Եվրոպացիներն հանուն Արցախի» նախաձեռնությունը նամակ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։ «Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ, նախաձեռնությունը հիասթափություն եւ ցավ է հայտնել, որ Բաքվի սանձազերծած ագրեսիան եւ էթնիկ զտումների ակնհայտ միտումը կյանքի են կոչվում ԵՄ-ի լուռ հավանությամբ։

«Անշուշտ պետք է ասել, որ առաջնային պատասխանատվությունը կրում են ռուս խաղաղապահները, սակայն ԵՄ-ն ակնհայտորեն ուներ բավական լծակներ՝ կանխելու այս աղետը։ Մենք բարձր ենք գնահատել ձեր ջանքերը՝ որպես գլխավոր միջնորդ այս խիստ բարդ իրավիճակում: Որպես ԵՄ քաղաքացիներ՝ մենք հավատում էինք, որ այնպիսի քաղաքական միությունը, ինչպիսին ԵՄ-ն է եւ որը հավակնում է պաշտպանել մարդու իրավունքները, արդյունավետ միջոցներ կձեռնարկեր՝ Բաքվին զսպելու համար․ գոնե թիրախային պատժամիջոցներ կկիրառեր», – ասված է նամակում։ 

Նամակի վերջում, Եվրոպական մեկ տասնյակից ավելի երկրների հայ համայնքի ներկայացուցիչները, որոնք ստորագրել են նամակը, ափսոսանք են հայտնել, որ հերթական անգամ աշխարհաքաղաքական հաշվարկները և մի քանի խորանարդ մետր գազը Բաքվի պես ավտորիտար ռեժիմից, որն, ի դեպ, անուղղակիորեն ներառում է նաև ռուսական գազն ադրբեջանական խողովակաշարերով, գերադասվում են մարդու իրավունքներին և մարդկային կյանքին։