Հայաստանը ֆրանսիական ռազմական գնումներով նոր դարաշրջան է նշում

  • by Western Armenia, 30 Նոյեմբերի, 2023 in Քաղաքականություն
48 դիտում

 Intellinews պարբերականում ՝ կանադացի լրագրող Նիլ Հաուերը ով արցախյան հակամարտությունը   լուսաբանող է՝  գրում է , որ Հայաստանը ֆրանսիական ռազմական գնումներով նոր դարաշրջան է նշում։

«Ամիսներ շարունակ շահարկումներից հետո Ֆրանսիայի հետ Հայաստանի աճող պաշտպանական գործընկերությունը վերջապես շոշափելի դարձավ այս ամիս», գրում է հեղինակը՝ վկայակոչելով նոյեմբերի 12-ին տարածված տեղեկությունը, որ ֆրանսիական արտադրության Bastion զրահափոխադրիչները Վրաստանով ժամանում են Հայաստան։

«2020-ի արցախյան երկրորդ պատերազմում բանակին հասցված հարվածից հետո, Հայաստանի համար սա նշանակալի հանգրվան է։ Երբ ՀՀ-ի ավանդական մատակարար Ռուսաստանը և՛ անկարող էր, և՛ չցանկացավ զենք ուղարկել, Երևանը հուսահատորեն փնտրում էր ռազմական գնումների այլ գործընկերներ: Այժմ, արդեն հաստատելով նաև Հնդկաստանի հետ պաշտպանական գնումների աշխատանքային հարաբերություններ, Հայաստանը հուսով է, որ ֆրանսիական ներկայիս բեռնափոխադրումները երկարատև գործընկերության միայն առաջին քայլն է», գրում է հեղինակը։

Ըստ Նիլ Հաուերի՝ զրահատեխնիկայի ժամանումը տեղի է ունեցել երկար բանակցություններից հետո։

«Դա առնվազն մեկ տարվա բանակցությունների արդյունք է, եթե ոչ ավելին», – հեղինակի հետ զրույցում հաստատել է պաշտպանական վերլուծաբան և Երևանի կիրառական քաղաքականության հետազոտական ​​ինստիտուտի գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը: «Կարծում եմ՝ գործընթացն ակտիվորեն սկսվել է 2020 թվականի պատերազմից հետո։ Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունները միշտ եղել են բավականին բարձր մակարդակի վրա, և այժմ Հայաստան-Եվրամիություն և Հայաստան-ԱՄՆ ավելի լավ հարաբերությունների պայմաններում նման գործարքներն իրատեսական են դարձել», – ասել է Ներսիսյանը։

Հեղինակը նշում է, որ այժմ իրական մտավախություններ կան, որ Ադրբեջանը կրկին հարձակվելու է Հայաստանի վրա։ «Այս ծանր պայմաններում երկրի զինված ուժերի հզորացումն ունի վճռորոշ նշանակություն», – գրում է նա: