Հայկական ինքնություն

  • by Western Armenia, 24 Նոյեմբերի, 2023 in Պատմություն
59 դիտում

Անունը ոչ միայն դիմելու, այլ հաճախ նաև ազգային առանձնահատկություններն ընդգծելու միջոց է: Հայկական անունները ստեղծվել են բնության հանդեպ սիրուց, ազգերի միջև փոխհարաբերություններից, ազատագրական շարժումների և պատերազմների հետևանքով: Հայկը հայկական անունների շարքում առաջինն է: Եվ հենց այս առասպելական հերոսի անունով էլ հետագայում կոչվեց հայկական պետությունը՝ Հայք, Հայաստան և հայեր:

Ըստ Մովսես Խորենացու Հայկը Նոյի 5-րդ սերունդն էր, ով հաղթեց Բելին և դրեց Հայոց պետության հիմքերը: Հայկի ցեղակից անուններից են Արմենակը, Արամայիսը, Արամը, Արան: Գերակշռում էին հիմնականում պատմադիցաբանական հերոսների անունները: Սակայն քրիստոնեության ընդունումից հետո սկսեցին տարածվել նոր Աստվածաշնչյան անուններ: Տարիների ընթացքում անունների ցանկը համալրվում է նորերով, իսկ հին անձնանուններից շատերը մոռացության են մատնվում: Հայկական անունների մեջ հստակ տարանջատում կար արական և իգական անձնանունների միջև: Տղամարդկանց մեծ մասամբ կոչել են աստվածների, հաղթողների և արքաների անուններով, իսկ կանանց ոչ միայն աստվածուհիների և քրիստոնեական կույսերի, այլ նաև ծաղիկների, բնական երևույթների, թանկարժեք քարերի անուններով: Հայերի կյանքում իրենց անվանը զուգահեռ կարևոր նշանակություն ունեին նաև ազգանունները: Հնում ազգանվան միջոցով են իմացել, թե տվյալ մարդն ում որդին կամ ում ժառանգն է: Ազգանունների իմաստը դարերի ընթացքում մնացել է նույնը, փոփոխվել է միայն դրա կազմությունը: Հայկական ազգանունների 99 %-ը կազմվում է ցեղի նահապետական անվան և -յան մասնիկի միակցությամբ: Սակայն միշտ չէ, որ -յան-ին կցվել են նահապետական անուններ: Հաճախ ազգանունները կազմվում էին ըստ մասնագիտության, ինչպես օրինակ՝ Ներկարարյան, Բժշկյան, Դարբինյան և այլն: Շատ հազվադեպ հանդիպում են նաև -ունի մասնիկի կազմությամբ ազգանունները, որոնց արմատները շատ ավելի հին են: