ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը խոսել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների մասին

  • by Western Armenia, 24 Նոյեմբերի, 2023 in Քաղաքականություն
75 դիտում

ՄԱԿ-ի ճշմարտության խթանման, արդարադատության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խրախուսման հարցերով հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին իր համերաշխությունն է հայտնում  Արցախից բռնի տեղահանվածներին՝ բարձր գնահատելով Արևելյան Հայաստանի կառավարության կողմից նրանց օգնելու պատրաստակամությունն ու հանձնառությունը։ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նա տեղեկացրեց, որ իր այցը Հայաստան համընկել է հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքով  Արցախից 100 հազարից ավելի հայերի բռնի տեղահանման հետ։  Սալվիոլին հանդիպել է բռնի տեղահանվածներին և ծանոթացել տարբեր համայնքներում նրանց ընդունման գործընթացին։ Անմիջական զրույցներում նա զգացել է նրանց ցավն ու խոսել հրատապ խնդիրների մասին։ Ականատեսն է եղել իշխանության կողմից իրականացվող մեծածավալ աշխատանքներին, որոնք միտված են բռնի տեղահանվածների հիմնական կարիքները լուծելուն։

Սալվիոլին կոչ արեց հակամարտության կողմերին շարունակել խաղաղ բանակցային գործընթացը և դրա հետ առնչություն ունեցող միջազգային հանրության ներկայացուցիչներին հորդորեց դիտարկել  Արցախի հայության նյութական և ոչ նյութական ժառանգությունը պահպանելու մեխանիզմների ստեղծման հարցը, որոնք հնարավորություն կտան նաև վերականգնել արդարությունը, ապահովել հակամարտությունից տուժածների, ռազմագերիների ու տեղահանվածների վերադարձն իրենց բնակավայրերը, ինչպես նաև սահմանել համապատասխան փոխհատուցում։