Մշակութային ցեղասպանություն

  • by Western Armenia, 24 Նոյեմբերի, 2023 in Մշակույթ
79 դիտում

Բաքուն շարունակում է Արցախի մշակութային արժեքների ոչնչացման պետական քաղաքականությունը Արցախի տոտալ հայաթափումից հետո, որի թիրախում այս անգամ  Ստեփան Շահումյանի արձանն էր։ 2023 թվականի նոյեմբերի սկզբին միջազգային թելեգրամյան ալիքների հրապարակումները ցույց տվեցին, որ բռնազավթված Ստեփանակերտի հրապարակում գետնին է տապալվել Ստեփան Շահումյանի արձանը։Հարկ է նշել, որ արձանն ադրբեջանական զինված ուժերի թիրախում էր հայտնվել  նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, որի մասին են վկայում Ստեփանակերտի հրապարակում արձանի մոտից մեկ մետր հեռավորության վրա գտնվող  պայթյունի և  արձանի պատվանդանի վրա առկա ռմբակոծության հետքերը։ Բրոնզաձույլ արձանի բարձրությունը 2,5 մետր էր, որի հեղինակներն էին քանդակագործներ Սուրեն Ստեփանյանը և Ադիբեկ Գրիգորյանը ։ Պատվանդանն ուներ  չորս մետր բարձրություն։ Այն պատրաստված էր տեղական մարմարից։ Արձանի բացումը տեղի է ունեցել 1957 թվականի մայիսի 1-ին։ Բաքուն խախտել է ոչ միայն ռազմական գործողությունների ժամանակ մշակութային արժեքների անձեռնմխելիության 4 (ռազմական անհրաժեշտության, տարբերակման, համամասնության, նախազգուության) սկզբունքները, այլև բռնազավթված տարածքներում մշակութային արժեքների պաշտպանության Հաագայի, Ժնևի և միջազգային մարդասիրական  իրավունքի դրույթները։