Մշակութային ցեղասպանություն

  • by Western Armenia, 27 Նոյեմբերի, 2023 in Մշակույթ
91 դիտում

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային կոմիտեի Հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Գագիկ Գյուրջյանը 168․am-ի հետ զրույցում անդրադարձել է Արցախում ադրբեջանական մշակութային վանդալիզմին, ինչպես նաև  հայկական կողմից իրականացվող անհրաժեշտ քայլերի մասին։ Նրա փոխանցմամբ՝ հասարակական կազմակերպությունները մշտապես բարձրացնում են այս խնդիրը  միջազգային հարթակներում։ Ավելին՝ Շուշիի պատմական հայկական գերեզմանոցի վրա ճանապարհ կառուցելու Բաքվի վանդալիզմի մասին կրկին ի լուր աշխարհի բարձրաձայնել են։

«Հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացված հարցերին պետք է մեր Արտաքին գործերի նախարարությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ, այդ խնդիրներին լուծում տա։

Հիմա, օրինակ, ԻԿՕՄՕՍ-ը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի խորհրդատվական օրգանն է, և որի ազգային կոմիտեն մենք ենք, հարց ենք բարձրացնում՝ Արցախի պատմամշակութային ժառանգության հետ կապված խնդիրների վերաբերյալ։ Կոչն արդեն հնչել է, ԻԿՕՄՕՍ-ն ունի եվրոպական մասնաճյուղ և Եվրոպայի խորհրդում այդ խնդրի մասին բարձրաձայնել է։ Եվրոպայի խորհրդից էլ կոչ են արել, որ սա դարձնենք պաշտոնական փաստաթուղթ։ Հիմա մենք՝ որպես հ/կ, դիմում ենք, բայց հղում ենք անում մեր ԱԳՆ-ի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ին բարձրացված հարցին»,- նշեց Գագիկ Գյուրջյանը։

Ըստ նրա՝ խնդիրն այնպես են բարձրացրել, որ Արցախ ուղարկվի մոնիտորինգային խումբ, որպեսզի տեղում ծանոթանան, որովհետև ավելի լավ է մեկ անգամ տեսնեն, քան հարյուր անգամ լսեն։ 

Հարցին՝ արդյո՞ք միջազգային կառույցներին առհասարակ հետաքրքրում է Արցախի պատմամշակութային հուշակոթողների ճակատագիրը, և  այդ խնդիրներին ինչպե՞ս են արձագանքում, Գագիկ Գյուրջյանը պատասխանեց՝ ամեն ինչ պայմանավորված է այն հանգամանքով, թե որտեղ է բարձրաձայնվում խնդիրը։

Օրինակ, 1,5 ամիս առաջ Սիդնեյում տեղի ունեցած ԻԿՕՄՕՍ-ի գլխավոր ասամբլեան, որտեղ հայկական կողմն առաջ է քաշել հարցադրում՝ ուխտագնացություններ իրականացնել Արցախի պատմամշակութային վայրեր, և մասնավորապես նշվել են Դադիվանքն ու Ամարասը, որոնք մինչև ադրբեջանական օկուպացիան եղել են ուխտագնացության ակտիվ վայրեր։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների՝ Արցախի հնարավոր այցի մասին էլ  Գագիկ Գյուրջյանը մտավախություն հայտնեց, որ եթե նրանք  պետք է Արցախ մտնեն Բաքվով, ապա ադրբեջանցիները տեղում նրանց իրենց կեղծ թեզերով կնախապատրաստեն։

«Գանձասարը կամ մյուս եկեղեցիներն Ադրբեջանը համարում է ուդիական կամ աղվանական, այս թեզը նրանք կսրսկեն ՅՈՒՆԵՍՕ-ի ներկայացուցիչներին։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կազմով ու ինչ մակարդակով կլինի այդ այցը։ Եթե պետք է տանեն ու ներկայացնեն, թե դրանք ուդիական են, ապա վստահ եմ՝ կհամոզեն, դրա համար լուրջ մասնագետներ պետք է այցելեն»,- եզրափակեց Գագիկ Գյուրջյանը։