Վերաքննիչ դատարանը կրկին կալանքի տակ է պահել Արցախի պաշտպանության բանակի գնդապետ Նորայր Ասլանյանին

  • by Western Armenia, 07 Դեկտեմբերի, 2023 in Քաղաքականություն
39 դիտում

2023 թվականի դեկտեմբերի 4-ին փաստաբանները ստացել են Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Մարտական խաչ առաջին և երկրորդ աստիճանի շքանշանների արժանացած Նորայր Ասլանյանը կալանքի տակ պահելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը։ Ինչպես նախկինում տեղեկացրել էր պաշտպանական խումբը, դատարաններին ներկայացվել են համապատասխան ապացույցներ առ այն, որ գնդապետ Ասլանյանի մոտ հայտնաբերված ռազմամթերքը վերջինիս տիրապետման ներքո գտնվել է օրինական հիմքերով։ Մասավորապես՝ այն ի պաշտոնե տրամադրված է եղել Արցախի նախագահի աշխատակազմի կողմից միևնույն աշխատակազմում անվտանգության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Նորայր Ասլանյանին կոնկրետ գործառույթների իրականացման շրջանակներում։ Մինչդեռ Երևանի ընդհանուր իրավասությանը առաջին ատյանի դատարանը, չվիճարկելով ներկայացված ապացույցների վերաբերելիությունը ու արժանահավատությունը, կատարում է օրենքին և տրամաբանության հիմնարար սկզբունքներին հակասող արձանագրումներ, որ «ներկայացված ապացույցները չեն չեզոքացնում մեղադրանքը», իսկ Վերաքննիչ դատարանը, ընդհանրապես անդրադարձ չկատարելով այս հանգամանքին, պարզապես գնահատում է, որ առաջին ատյանի դատարանը ճիշտ եզրահանգումներ է կատարել։ Փաստաբանների գնահատմամբ՝ եթե իրավական առումով աբսուրդային այս մեղադրանքը հասնի հրապարակային դատավարության փուլ, ապա շատ հետաքրքիր կլինի պարզել, թե ինչ այլ ապացույց պետք է հավաստեր ենթադրյալ ապօրինի ռազմամթերքի օրինական լինելը։    Պաշտպան Արմեն Անդրիկյանը նշել է. «Ընդհանուր առմամբ մեղադրանքի աբսուրդայնությունը, հիմնավոր կասկածի ու կալանավորման հիմքերի բացակայության պայմաններում անձին շարունակական անազատության մեջ պահելը լուրջ հիմքեր է տալիս ենթադրելու գործընթացի իրական  դրդապատճառների մասին։ Միանշանակ է, որ գնդապետ Ասլանյանի նկատմամբ կիրառվող կալանքը իր մեջ պարունակում է պատժի տարեր։ Ընդ որում անհասկանալի է, թե կոնկրետ ինչ «արարքի» համար են պատժում գնդապետ Ասլանյանին»։

Մասնավորապես մտահոգիչ հանգամանք է, որ Արևելյան Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը նպատակահարմար է գտել դատարանում փաստարկել, որ Նորայր Ասլանյանը, որպես բարձրաստիճան զինվորական, հեղինակություն է վայելում հանրության շրջանում և այդ փաստի ուժով կարող է ազդել քննության վրա։ Վերջին շրջանում հաճախակի դարձաձ այս փաստարկը արատովոր պրակտիկա է ձևավորում իրավապահ համակարգում, ուստի փաստաբանական խումբը հարկ է համարում արձանագրել, որ անձի բարի համբավն ու հեղինակությունը չի կարող և չպետք է դրվի կալանքի հիմնավորումներում։ Ըստ այդ տրամաբանության, անձը պետք է լինի «սրիկա», որպեսզի ազատվի կալանքից։ Հիշեցնենք, որ Նորայր Նելսոնի Ասլանյանը բարձրագույն ռազմական կրթությամբ զինվորական հրամանատար է, ով Հայոց բանակում ծառայել է 1991-ից մինչև 2022 թվականները։ Ռազմական գործում գրանցած զգալի հաջողությունների համար պարգևատրվել է Մարտական խաչ երկրորդ և առաջին աստիճանի, ինչպես նաև ՀՀ և ԱՀ Մարտական ծառայության բազմաթիվ շքանշաններով։