Արեւմտյան Հայաստանը ճանաչում եւ դատապարտում է հույների եւ ասորիների ցեղասպանությունն Օսմանյան Կայսրությունում
14-04-2015 15:24:06 | Հայաստան | Քաղաքական
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը ստորագրել է Հրամանագիր, որով ճանաչել եւ դատապարտել է ասորիների եւ հույների ցեղասպանությունը:
Ինչպես ապրիլի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Արեւմտյան Հայասատանի վտարանդի կառավարության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը, մարտի 31-ին Հայաստանի հունական եւ ասորական համայնքների ներկայացուցիչների կողմից իրենց ժողովուրդների ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու դիմում-խնդրանքն ուղղված Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանին, ոչ միայն ընդունվել է, այլեւ այդ երկու ժողովուրդների ցեղասպանությունների դատապարտումն իրականացվել է օրենքի մակարդակով:
Ըստ Տ. Փաշաբեզյանի` հենց այս պատճառով Ա. Աբրահամյանը ստորագրել է թիվ 33 եւ 34 հրամանագրերը, որոնց համաձայն առանձին անդրադարձ է եղել երկու կարեւոր խնդիրների` նախ ռազմավարական նշանակության քաղաքականության, իրավունքների պաշտպանության համատեղ իրականացման ծրագրի մշակում, ապա բնիկ ժողովուրդների ձեւաչափում հայերի պահանջատիրության հետ մեկտեղ հույների եւ ասորիների պահանջների բարձրաձայնում:
«Արեւմտյան Հայաստանի պետական կառույցները եւ արեւմտահայերն ամբողջովին զորակցում են բարեկամ ժողովուրդներին պատմական արդարության, նրանց իրավունքների պաշտպանության հարցերում եւ աջակցում ցեղասպանության հետեւանքների վերացման եւ պատմական արդարության հաստատման գործում»,- ասաց Տ. Փաշաբեզյանը, ով հրամանագրերը փոխանցեց Հայաստանում հունական եւ ասորական համայնքների ներկայացուցիչներին:
Հարցին, թե ինչ է տալիս Արեւմտյան Հայասատանի կողմից հույների եւ ասորիների ցեղասպանության ճանաչումը Հայաստանի ասորիների «ԱԹՈՒՌ» միության նախագահ Արսեն Միխայլովը պատասխանեց. «Փաստը ցույց տվեց այն, որ մարտի 25-ին ՀՀ-ի Ազգային ժողովում հույների եւ ասորիների ցեղասպանությունների դատապարտման վերաբերյալ ընդունած հայտարարությունը նպաստեց տարբեր երկրներում մեր գաղթօջախների ակտիվացմանը»,- նշեց Ա. Միխայլովը:
Ըստ նրա` վերհոնշյալ հայտարարությունը պատճառ դարձավ Թուքիայում ասորական համայնքների ակտիվացմանը, ինչի մասին վկայում են օրերս Թուրքիայում ասորական համայնքի կողմից տեղի ունեցած զանգվածային հացադուլները:
«Քանի որ հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունը տեղի է ունեցել նույն ժամանակահատվածում, նույն տարածքում, նույն եղանակով Օսմանյան Թուրքիայի կողմից, հետեւաբար հետագայում մենք կարող ենք համատեղ աշխատանքի շնորհիվ պայքարել ու հասնել շոշափելի արդյունքի տարածքային եւ նյութական պահանջատիրության առումով»,- ասաց Հայաստանի «ԱԹՈՒՌ» ասորիների միության քարտուղար Ռազմիկ Խոսրոեւը:
Հայաստանի եւ Արցախի հունական «Պարտրիդա» կազմակերպության նախագահ Էդուարդ Փոլատովն ավելացրեց, որ իրենց համար շատ կարեւոր էր Հայաստանի Հանրապետության, Արեւմտյան Հայաստանի ու Արցախի կողմից հույների եւ ասորիների ցեղասպանության ճանաչումը:
«Մեր եղբար պետությունների կողմից հույների եւ ասորիների ցեղասպանության ճանաչումը մեզ հնարավորություն կտա սկսել երկխոսություն մուսուլման հույների հետ, ովքեր ապրում են ներկայումս Թուրքիայի Հանրապետության տարածքում»,- նշեց Է. Փոլատովը` ավելացնելով, որ այդ երկիրն իրենցն է եւ իրենք պետք է այդ մասին բարձրաձայնեն:
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան — Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից
Comments are closed.