Հայաստանը՝ արևելքից և արևմուտքից գտնվելով շրջափակման մեջ, տարիներ շարունակ արտաքին աշխարհի հետ կապ է հաստատել Վրաստանի և Իրանի տարածքով։  Նոր սերնդի ներկայացուցիչներից քչերն են տեղյակ, որ արցախյան առաջին պատերազմի տարիներին՝ 90-ականների սկզբին, որոշ ժամանակահատված Իրանը դարձել էր դրսի հետ կապող Հայաստանի միակ ճանապարհը։ Հետևաբար, պետք է արձանագրենք, որ Իրանի հետ տրանսպորտային կապը ոչ միայն ունի տնտեսական, այլև ռազմական նշանակություն։

2020 թվականի նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների հետեւանքով՝ ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ անցավ նաև Գորիս-Կապան՝ Հայաստանը Իրանին կապող միջպետական ճանապարհի 21 կմ հատվածը։

2021 թվականի օգոստոսի 25-ից թշնամին տարբեր պատճառաբանություններով փակում է այդ ճանապարհահատվածը, իսկ սեպտեմբերից էլ սկսել է տուրք գանձել իրանական բեռնատարներից։ Հարկ է հիշեցնել, որ անկախության տարիներից ի վեր չի եղել դեպք, որ սահմանափակվի կամ արգելվի Իրանի հետ ավտոմոբիլային կապը։ Ներկայում առկա չէ գործող որևէ այլընտրանքային ճանապարհ,որը թույլ կտա ապահովել անվտանգ և անխափան տրանսպորտային կապ երկրների միջև։ Գորիս-Կապան ճանապարհահատվածի այս ռիսկային իրավիճակը կարող է լուրջ վնասներ հասցնել Հայաստանի տնտեսությանը, քանի որ այս ճանապարհներով են նաև փոխադրվում ասիական երկրների բեռները։ Այս ամենին զուգահեռ նկատվում է Հայաստանից դեպի Իրան արտահանման ծավալների նվազում։