Հայաստանի Հանրապետությունը Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում գործ է հարուցել Ադրբեջանի դեմ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի խախտումների առնչությամբ, հինգշաբթի օրը հաղորդել է ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինը:

Հաագայի դատարանի հաղորդագրության համաձայն՝ հայցվորը պնդում է, որ «տասնամյակներ շարունակ Ադրբեջանը ռասայական խտրականության է ենթարկել հայերին», և որ «պետության կողմից հովանավորվող հայատյաց այս քաղաքականության հետևանքով հայերը ենթարկվել են սիստեմատիկ խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ նվաստացումների: Այդ գործելակերպը հերթական անգամ առաջ է մղվել 2020 թվականի սեպտեմբերին՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո»:

Պաշտոնական Երևանն իր հայցում ընդգծում է, որ նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից և 2020 թվականի նոյեմբերի 10-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Ադրբեջանը շարունակել է հայ գերիների, պատանդների և ձերբակալված այլ անձանց սպանությունները, խոշտանգումներն ու մյուս նվաստացումները: