Երվանդ Օտյանը հայ դասական երգիծաբանության ականավոր 

ներկայացուցիչներից է: Ստեղծել է սոցիալական և քաղաքական 

երգիծանքի փայլուն երկեր: 

Երվանդ Օտյանը ծնվել է 1869 թվի սեպտեմբերի 19-ին՝ Կոստանդնուպոլսում, գրաճանաչ է դարձել հորաքրոջ՝ Եվփիմե Օտյանի օգնությամբ, ապա հաճախել է Պերպերյան վարժարան: Տկարության պատճառով թողել է դպրոցը և կրթությունը լրացրել մասնավոր դասերով:

Օտյանը գրական ասպարեզ է մտել 1880-ական թվականների վերջերին՝ թարգմանություններով և պատմաբանասիրական հետազոտություններով: 1892 թ-ին «Հայրենիք» օրաթերթի խմբագիր Արփիար Արփիարյանի հրավերով ստանձնել է թերթի օգնական-խմբագրի, իսկ 1896 թ-ին՝ խմբագրի պաշտոնը:

Օտյանի քրոնիկներն ընդգրկում են կյանքի բոլոր ոլորտները, ծաղրում են ոսկու ուժով դիրք ու պատիվ ձեռք բերած կեղեքիչ, չարագործ, բութ արարածներին, որոնք «ամենքն ալ բարերար, ամենքն ալ մեկենաս, ամենքն ալ ազնվասիրտ ու ամենքն ալ իմաստուն» են հռչակվում: Հայ ռեալիստական գրականության բացառիկ արժեքավոր էջերից են Օտյանի սոցիալական երգիծավեպերը։ 

1915 թ-ի Մեծ եղեռնի ժամանակ Օտյանին հաջողվել է ազատվել ցեղասպանությունից, սակայն օգոստոսի վերջերին ձերբակալվել ու աքսորվել է արաբական անապատներ: 1918 թ-ի զինադադարից հետո Օտյանը վերադարձել է Կոստանդնուպոլիս, սակայն 1922 թ-ին նորից հեռացել է այնտեղից,1924 թ-ին տեղափոխվել Սիրիա, ապա՝ Կահիրե:

Ստեղծագործական վերջին շրջանում (1918–26 թթ.) Օտյանն ակտիվորեն աջակցել է Հովհաննես Թումանյանի հասարակական գործունեությանը Կոստանդնուպոլսում, Հայաստանի օգնության կոմիտեի աշխատանքներին, զբաղվել հայ որբերի ճակատագրով: