Արևմտյան Հայաստանի Մարաշ նահանգի Թուրքօղլու շրջանում բնակվող հողագործ Յըլմազ Օրչանի՝ դաշտը հերկելու ժամանակ հայտնաբերած ոսկորները, որոնք մեծ նմանություն ունեն «անտիկ փղի» բրածոյին, հետազոտվում են գիտնականների կողմից:

Յըլմազ Օրչանը՝ վարձակալած դաշտը հերկելիս նկատել է տրակտորի խոփին դեմ առած կոշտ առարկա: Դադարեցնելով աշխատանքը, հողագործը ուսումնասիրել է առարկան և այն նմանեցրել  մեծ կենդանու ոսկորների։ Այդ մասին հայտնել է գիտնականներին, ովքեր այդ ընթացքում պեղումներ էին կատարում իրենց շրջանում: Նախնական հետազոտության արդյունքում գնահատվել է, որ ոսկորները հնարավոր է, որ փղի պատկանեն: Բրածոները առայժմ վերցված են պահպանության ներքո և հետազոտության ավարտից հետո կցուցադրվեն համապատասխան վայրում:

Ոսկորի մասերը մեծ նմանություն ունեն քաղաքի  Հնագիտական ​​թանգարանում ցուցադրվող «Անտիկ փղի» բրածոյին։

Ի դեպ, նույն տարածքում ավելի վաղ հայտնաբերված  հնագույն փղի կմախքը, որը գնահատվում է 3000-3500 տարեկան, ցուցադրվում է Մարաշի հնագիտական ​​թանգարանում՝  լույսի, ձայնի և տեսողական էֆեկտների ներքո: