Հասարակության լայն շրջանակին հայկական հարուստ մշակութային ժառանգությանը ծանոթացնելու նպատակով Էրեբունի և Մեծամոր թանգարանները, համագործակցելով ՀՀ-ում Լեհաստանի և Ֆրանսիայի դեսպանությունների հետ, էքսկուրսիաներ, ցուցահանդեսներ, հնագիտական պեղումներին նվիրված ներածական սեմինարներ, շնորհանդեսներ և կոնֆերանս են նախաձեռնել:

Էրեբունի թանգարանում հայ և ֆրանսիացի երեխաները մասնակցեցին «Պեղենք միասին» ծրագրին, ներկայացվեց «Էրեբունիից Թեյշեբաինի՝ եռաչափ վերակազմություն» գիրքը և կազմակերպվեց գիտաժողով՝ «Մեծամորից Էրեբունի» խորագրով:

«Նախաձեռնությունների նպատակն է փորձել արժևորել, կարևորել մեր ժառանգությունն ու դա անել որակյալ կրթության միջոցով: Հայ և ֆրանսիացի երեխաները համատեղ պեղումներ են իրականացնում, գտնում, գանձերի, կարևոր իրերի կրկնօրինակներ»,-պատմեց Էրեբունի թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։

Անդրադառնալով «Էրեբունիից Թեյշեբաինի՝ եռաչափ վերակազմություն» գրքին՝  Բադալյանը տեղեկացրեց, որ նրանում շատ գեղեցիկ և հանրամատչելի ներկայացված են Կարմիր բլուրի և Էրեբունիի տարբեր կառույցների եռաչափ վերակազմությունները, որոնք արվել են պեղումների արդյունքներից ստացված տվյալների, ուրարտական պատկերագրության, Մերձավոր Արևելքի հնագիտության, ուրարտական սեպագիր աղբյուրների խորը քննության ու վերլուծության հիման վրա: