Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, մեկնաբանելով Իրան-Հայաստան մայրուղու իրադրությունը, ընդգծել է հարևան երկրների տարածքային ամբողջականության առաջնահերթությունը:

Մինչդեռ, Թուրքիայի նախագահ Էրդողանը «Զանգեզուրի միջանցքի բացումը» առաջադրում է որպես նախապայման Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման և տարածաշրջանի ապաշրջափակման համար: «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի տարածքային ամբողջականության խախտում է, որին դեմ է Իրանը: Ավելին, դա խախտում է նաեւ Իրանի հաղորդակցային ինքնիշխանությունը, և Հայաստան մեկնելու համար ստիպված են լինելու անցնել երրորդ երկրների կողմից վերահսկվող միջանցքով:

20-րդ դարի սկզբին Թեհրանը տարածք է զիջել Թուրքիային, որպեսզի վերջինս սահման ունենա Նախիջևանի հետ, եւ այժմ Իրանը վճարում է իր որոշման համար:

Գորիս-Կապան ճանապարհին իրանական բեռնատարների վարորդներին ձերբակալելու մասին հարցին Խաթիբզադեն պատասխանել է, որ Իրանը զբաղվում է այդ հարցով և պահանջել է անհապաղ ազատ արձակել վարորդներին։

Իսկ վերջերս մեզ հասած տեղեկության համաձայն՝ իրանցի զինվորականները զգալի ուժեր են տեղափոխում Ադրբեջանի հետ սահման: Արաքս գետի տարածքում նախատեսվում է անցկացնել խոշոր վարժանքներ, գրում է «Ռազմական դիտորդ» տելեգրամյան ալիքը: