ԱՀ Մարտունու շրջանի Նորշեն համայնքը 360 բնակիչ ունի. պատերազմի ավարտից հետո բոլորը գյուղ են վերադարձել:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Նորշենի համայնքապետ Գևորգ Հարությունյանը:

«Պատերազմից հետո գյուղում տեղահանված ընտանիքներ չեն հաստատվել, բայց ազատ բնակֆոնդից 15 տուն վերանորոգելուց հետո կարող ենք տրամադրել տեղահանված մեր հայրենակիցներին։ Նորակառույց դպրոցում սովորում է 53 աշակերտ: Մանկապարտեզ չունենք, երեխաները հաճախում են հարևան Աշան գյուղի մանկապարտեզ:

Ունենք համայնքային կենտրոն, բուժկետ, մշակույթի տուն: Գյուղամիջյան ճանապարհները գտնվում են վատթար վիճակում: Համայնքը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով: Ունենք ջրի խնդիր. մոտ 20 տարի առաջ կառուցված ջրային ցանցը պետք է փոխվի: Դեպի մայրաքաղաք գործում է տրանսպորտ»,- նշեց Գ. Հարությունյանը։

Անդրադառնալով բնակիչների զբաղվածությանը՝ մեր զրուցակիցն ասաց, որ պատերազմից հետո 1.5 հա նռան այգի և 15 հա վարելահող է անցել թշնամու տիրապետության տակ: