Լրանում է Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակը: 

Այն կրում է Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անունը։ Աստղադիտարանը հիմնվել է 1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով, ով եղել է աստղադիտարանի առաջին տնօրենը։ Համարվում է Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը։

Բյուրականի աստղադիտարանը գտնվում է Արագած լեռան հարավային լանջին՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում։ Աստղադիտարանը կազմված է երկու մասից՝ բնակելի ավանից և գործառնական մասից, որը ներառնում է դիտաշտարակները, վարչական և լաբորատորիայի շենքերը, ժողովասրահը և հյուրերի տունը։

1947 թ-ին Բյուրականի աստղադիտարանում անցկացված հետազոտությունների շնորհիվ բացահայտվեցին աստղասփյուռները՝ երիտասարդ աստղերի խմբերը։ Հարկ է նաև նշել, որ այստեղ է առաջին անգամ ապացուցվել, որ մեր ժամանակներում ևս շարունակվում են աստղերի առաջացման երևույթները:Աստղադիտարանում է գտնվում Եվրոպայում ամենախոշոր դասական աստղադիտակներից մեկը, որի հայելու տրամագիծը կազմում է 2,6 մ։